Մատչելի հղումներ

Թուրքիան զգուշացրել է Ավստրալիային Հայոց ցեղասպանության ճանաչման հետևանքների մասին


«Թուրքիայի և Ավստրալիայի միջև բարյացակամ հարաբերությունները խարխլել կարող է ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքներն առանց թուրքական կողմից լսելու Ավստրալիայի կողմից սատարելու հանգամանքը». Թուրքիայի խորհրդարանի խոսնակ

Թուրքիան զգուշացրել է Ավստրալիային, որ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը շարունակելը կարող է վնաս հասցնել երկու պետությունների միջև հարաբերություններին, ինչպես նաև 2015 թվականին Գալիպոլիի իրադարձությունների 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությունների անցկացման:

«Սիդնեյ Մորնինգ Հերալդ» պարբերականի վկայությամբ, Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի նախազգուշացումը հրապարակվել է ավստրալիացիների համար Գալիպոլիում 2015 թվականի ապրիլի 25-ին կայանալիք հիշատակի հատուկ արարողությանը մասնակցելու համար հատկացված 8 հազար տոմսի շուրջ քվեարկության անցկացման նախօրեին:

«Թուրքիայի և Ավստրալիայի միջև բարյացակամ հարաբերությունները խարխլել կարող է ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքներն առանց թուրքական կողմից լսելու Ավստրալիայի կողմից սատարելու հանգամանքը: Դա կարող է մեծ ճեղքվածք առաջացնել երկու պետությունների միջև հարաբերություններում և նույնիսկ հարցականի տակ դնել Գալիպոլիում կայանալիք հիշատակի արարողությունները», - ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը՝ հավելելով. «Մենք խնդիր չունենք Թուրքիայում հայ համայնքների հետ: Մենք խնդիր ունենք հայ Սփյուռքի հետ, որը մինչ այժմ տարածում է այս գաղափարները»:

Թուրքիան, բացի այդ, հստակ նշել է, որ իր կողմից ողջունելի չի լինելու Գալիպոլիի հիշատակի արարողություններին Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանականների մասնակցությունն այն պատճառով, որ այս նահանգի խորհրդարանում երկու կուսակցությունների ներկայացուցիչները սատարել են այս տարվա մայիսին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նահանգի վարչապետ Օ՛Ֆարելի կողմից ներկայացված առաջարկությունը:

Արձագանքելով Թուրքիայի խորհրդարանի խոսնակի սպառնալիքներին՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Բարրի Օ՛Ֆարելը, պարբերականի վկայությամբ, «զարհուրելի» է անվանել այն հանգամանքը, որ Գալիպոլիում Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կորպուսի ժամանելու 100-րդ տարելիցի հիշատակի արարողությունն օգտագործվում է քաղաքական նպատակներով:

«Սիդնեյ Մորնինգ Հերալդ» պարբերականը, բացի այդ, մեջ է բերել Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանի խոսքը, որի համաձայն «շատ մտահոգիչ» է այն հանգամանքը, որ Թուրքիայի կառավարությունը սպառնացել է արգելել Հայոց ցեղասպանությունը ճանաչած Նոր Հարավայի Ուելսի խորհրդարանականների մասնակցությունը Գալիրոպիի արարողություններին:

«Արդեն մոտ 100 տարի թուրքական պետությունը շարունակում է հերքել այն, ինչ հրապարակայնորեն լայնորեն պատմական փաստ է ճանաչվել», - ասել է Ղահրամանյանը:
XS
SM
MD
LG