Մատչելի հղումներ

Թուրքիան քիմիական զենքի փորձագետներ է ուղարկել Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններ


Մեծ Բրիտանիայի իշխանությունների համաձայն, «շատ հնարավոր» է, որ Սիրիայի կառավարական ուժերը քիմիական զենք են կիրառել

Թուրքիան Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններ է ուղարկել ութ փորձագետներից կազմված մի խումբ, որի մասնակիցները կուսումնասիրեն, արդյոք այդ երկրում շարունակվող քաղաքական պատերազմի ընթացքում վնասվածքներ ստացած անձանց վերքերը պարունակում են քիմիական կամ կենսաբանական զենքի հետքեր:

Թուրքիայի իշխանություններն անցյալ շաբաթ էին սկսել Սիրիայից տեղափոխված վիրավորներից վերցված արյան նմուշների հետազոտությունները՝ որոշելու նպատակով, արդյոք նրանք զոհ էին գնացել քիմիական զենքի կիրառմամբ հարձակումներին:

Քիմիական պաշտպանության խումբը, որն իր աշխատանքում օգտագործում է քիմիական, կենսաբանական և միջուկային նյութերի հայտնաբերման հնարավորություն ունեցող հատուկ մի մեքենա, տեղակայվել է Ռեյհանլի քաղաքի մոտակայքում գտնվող «Ջիլվեգյոզու» սահմանային անցման մոտ:

Մեծ Բրիտանիայի իշխանություններն այս ընթացքում հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն «շատ հնարավոր» է, որ Սիրիայի կառավարությունը քիմիական զենք է կիրառել՝ միաժամանակ նշելով, որ «մինչ օրս չկա քիմիական զենքն ապստամբների կողմից կիրառելու որևէ վկայություն»:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերն ու ապստամբները միմյանց են մեղադրում քիմիական զենքի կիրառման մեջ:
XS
SM
MD
LG