Մատչելի հղումներ

Հայաստանից Սիրիա ուղևորվող օդանավը խուզարկվել է Թուրքիայում


Ռուսաստանից Սիրիա ուղևորվող օդանավը՝ Թուրքիայում (արխիվային լուսանկար)
Ռուսաստանից Սիրիա ուղևորվող օդանավը՝ Թուրքիայում (արխիվային լուսանկար)

Հայաստանի արտգործնախարարության համաձայն, մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավի կանգառը Թուրքիայում պլանավորված էր

Թուրքիայի իշխանություններն իրականացրել են Հայաստանից Սիրիա ուղևորվող մարդատար օդանավի խուզարկումը:

«Բլումբերգ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը, հաղորդել է, որ խուզարկումը կատարվել է այն բանից հետո, երբ մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել Թուրքիայի իշխանությունների պահանջով Էրզրում քաղաքում:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել է, որ մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավի կանգառը Թուրքիայում պլանավորված էր: Ըստ Բալայանի, Թուրքիան թույլատրել է թռիչքի իրականացումը միայն վերջինս խուզարկելու պայմանով, ապա թույլատրել է օդանավին շարունակել թռիչքը դեպի Սիրիա:

Էրզրումի օդանավակայանի անվտանգության ուժերը, ըստ գործակալության, զերծ են մնացել որևէ մեկնաբանություններից:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները կիրակի օրն արգելել են Սիրիայի մարդատար ինքնաթիռների մուտքը երկրի օդային տարածք:

Այս մասին Թուրքիայի իշխանությունները հայտնել են՝ Մոսկվայից Դամասկոս ուղևորվող մարդատար օդանավն Անկարայում վայրէջք կատարել ստիպելուց չորս օր անց:

Նման գործողությունների դիմելու անհրաժեշտությունն Անկարան հիմնավորել է՝ մեղադրելով Դամասկոսին մարդատար օդանավերի միջոցով կառավարական զինված ստորաբաժանումներին սպառազինություն առաքելու մեջ:

Թուրքիայի իշխանությունների կողմից մարդատար ինքնաթիռը վայրէջք կատարել ստիպելու գործողություններին ի պատասխան Դամասկոսը շաբաթ օրը փակել էր իր օդային տարածքը Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի համար: Այս քայլը հիմնականում խորհրդանշական է, քանի որ Թուրքիան արդեն իսկ հրահանգել է, որպեսզի իր որևէ օդանավ մուտք չգործի Սիրիայի տարածք:
XS
SM
MD
LG