Մատչելի հղումներ

Թուրքիան կործանիչներ է ուղարկել դեպի Սիրիայի հետ սահման


Թուրքիայի իշխանությունները պաշտպանել են դեպի Սիրիա ուղևորվող մարդատար օդանավը վայրէջք կատարել ստիպելու մասին իրենց որոշումը

Թուրքիան ուրբաթ օրը կործանիչ օդանավեր է ուղարկել դեպի Սիրիայի հետ սահմանն այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարական ուժերի ուղղաթիռները ռմբակոծել են սահմանամերձ Ազմարին քաղաքը:

«Ռոյթերս» գործակալության վկայությամբ, Ազմարինում և քաղաքի մոտակայքում գտնվող բնակավայրերում, որոնց բնակչությունը դեմ է հանդես գալիս Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադիր կառավարման, այս շաբաթ տեղի են ունեցել ծանր մարտեր Սիրիայի ապստամբների և կառավարական ուժերի միջև:

Այս ընթացքում Թուրքիայի իշխանությունները պաշտպանել են դեպի Սիրիա ուղևորվող մարդատար օդանավը վայրէջք կատարել ստիպելու մասին իրենց որոշումը՝ պնդելով, որ օդանավի վրա կային ռազմական սարքավորումներ և սպառազինություն, որոնք առաքվում էին՝ Սիրիայի կառավարական ուժերին փոխանցելու նպատակով:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե Մոսկվայից Դամասկոս թռիչք կատարող ինքնաթիռը տեղափոխում էր Ռուսաստանի մատակարարներից մեկի կողմից տրամադրված անօրինական բեռ: Էրդողանը սակայն լրացուցիչ տեղեկություններ չի տրամադրել այն մասին, թե արդյոք այս տեղեկությունները ձեռք են բերվել Թուրքիայի հետախուզական ծառայությունների կողմից, և թե Ռուսաստանի որ կազմակերպությունն է առաքել առգրավված բեռը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի կործանիչներից մեկը հինգշաբթի օրը ստիպել է Մոսկվային Դամասկոս ուղևորություն կատարող Սիրիայի օդանավը վայրէջք կատարել Անկարայում:

Ռուսաստանը պահանջել է, որպեսզի Թուրքիայի իշխանությունները բացատրություն ներկայացնեն այս միջադեպի կապակցությամբ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության համաձայն, Թուրքիայի կողմից ձեռնարկված գործողությունները վտանգի են ենթարկել օդանավում գտնվող ուղևորների կյանքը, որոնց թվում կար նաև Ռուսաստանի 17 քաղաքացի:

Սիրիային պատկանող օդանավի հետ կապված միջադեպը ավելացրել է լարվածությունը Սիրիայի և Թուրքիայի միջև, որոնց հարաբերությունները սրվել են՝ անցյալ շաբաթ Սիրիայի կողմից Թուրքիայի տարածքում գտնվող բնակավայրի ուղղությամբ հրետանային կրակ բացելուց հետո:
XS
SM
MD
LG