Մատչելի հղումներ

Թուրքիայում ազատ է արձակվել չորս լրագրող


Լրագրող Նեդիմ Շեները՝ ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո (արխիվային լուսանկար)
Լրագրող Նեդիմ Շեները՝ ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո (արխիվային լուսանկար)

Թուրքիայի դատարանն ազատ է արձակել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով բանտարկված չորս լրագրողի:

Ազատ արձակված լրագրողների թվում են ճանաչված հետաքննող լրագրողներ Նեդիմ Շեներն ու Ահմեթ Շիք, որոնք ազատազրկվել էին մոտ մեկ տարի առաջ՝ անցյալ տարվա մարտ ամսին:

Նեդիմ Շեները Հրանտ Դինքի սպանության հարցով անվտանգության ուժերին մեղադրող գրքի հեղինակն է, իսկ Ահմեթ Շիքը` «Էրգենեկոն»-ի գործի շրջանակներում կատարվող բռնությունների մասին գրքի համահեղինակներից մեկն է։

Շեներն ու Շիքն ինն այլ անձանց, հիմնականում լրագրողների հետ միասին ձերբակալվել էին իրենց տները խուզարկման ենթարկվելուց հետո։ Թուրքիայի ոստիկանությունն այս գործողություններն իրականացրել էր «Էրգենեկոն» խմբավորման կողմից դավադրություն կազմակերպելու վերաբերյալ վիճահարույց հետաքննության շրջանակներում:

«Էրգենեկոն»-ի գործի շրջանակներում Թուրքիայում արդեն բանտարկվել է ավելի քան 300 մարդ՝ հիմնականում լրագրողներ, գիտնականներ և քաղաքական գործիչներ:

Եվրոպական հանձնաժողովը, ԱՄՆ-ը և «Լրագրողներ առանց սահմանի» իրավապաշտպան կազմակերպությունն իրենց անհանգստությունն են արտահայտել Թուրքիայում լրագրողների ձերբակալության հանգամանքով: Անցյալ ամիս «Լրագրողների պաշտպանության կոմիտե» («CPJ») ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունը «Հարձակումներ մամուլի դեմ 2011 թվականին» զեկույցում Թուրքիան հիշատակել է լրագրողների ամենամեծ թիվն ունեցող պետությունների շարքում:

XS
SM
MD
LG