Թուրքիայի ընտրական հանձնաժողովը ծրագրել է հանրաքվե անցկացնել սեպտեմբերի 12-ին երկրի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։
Արդարություն եւ զարգացում կառավարող կուսակցությունը ցանկանում էր այդ հանրաքվեն անցկացնել ավելի վաղ՝ հուլիսին, այս տարվա սկզբներին ընդունված մի օրենքի համաձայն, որը նվազեցնում է հանրաքվեի նախապատրաստվելու համար անհրաժեշտ ժամանակը։ Սակայն, Թուրքիայի ընտրական մարմինը հինգշաբթի օրը հայտարարել է, թե նոր օրենքը ուժի մեջ է դրվելու եկող տարի միայն։
Առաջարկված սահմանադրական փոփոխությունները վերջին օրերին շահել են Թուրքիայի օրենսդիրների եւ նախագահի հավանությունը։ Փոփոխությունները խորհրդարանի ձայնը լսելի կդարձնեն դատավորների նշանակման գործընթացում եւ կլիազորեն զինվորականների դատավարությունը քաղաքացիական ատյաններում։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համաձայն, սահմանադրական փոփոխությունները կամրապնդեն Եվրամիությանը միանալու Թուրքիայի ջանքերը։
Սակայն, Ժողովրդի հանրապետական կոչվող ընդդիմադիր կուսակցությունը ծրագրում է ուրբաթ օրը ստորագրություններ հավաքել սահմանադրական փոփոխությունները չեղյալ հայտարարելու օգտին։ Ընդդիմադիր կուսակցությունը մտահոգ է, որ սահմանադրական փոփոխությունները իսլամական արմատներ ունեցող ներկա կառավարությանը թույլ կտան ավելի ամրապնդել իշխանությունը եւ ձերբազատվել Թուրքիայի աշխարհիկ հասարակարգից։