Մատչելի հղումներ

Թուրքիայի վարչապետը խիստ քննադատության է ենթարկել «Standard & Poors» ընկերությանը


Թուրքիայի վարչապետը հինգշաբթի օրը մեղադրել է «Standard & Poors» վարկանիշային գործակալությունը կողմնակալության մեջ այն բանից հետո, երբ գործակալությունը նվազեցրել է իր երկրի վարկային հեռանկարը՝ նույն օրը բարձրացնելով Հունաստանի վարկային վարկանիշը:

«Standard & Poors»-ը երեքշաբթի օրը «դրականից» մինչև «կայուն» է նվազեցրել է Թուրքիայի վարկային հեռանկարը, ինչը նշանակում է, որ գործակալությունն դեռևս չի նախատեսում բարձրացնել երկրի վարկային վարկանիշը՝ կառավարության կողմից կուտակված պարտքային պարտավորությունների զգալի ծավալի պատճառով:

Նույն օրը գործակալությունը բարձրացրել է Թուրքիայի հարևան Հունաստանի վարկային վարկանիշը՝ նշելով, որ Աթենքին հաջողվել է իր հիմնական վարկատուների հետ հասնել վարկերի մեծ ծավալների դուրսգրման շուրջ համաձայնության:

«Վաշինգտոն Փոստ» ամերիկյան պարբերականի փոխանցմամբ, «Հունաստանի ավանդական մրցակից Թուրքիայի կառավարությունը դրական չի արձագանքել այս գնահատականներին»:

«Այսօրվանից վարկային գործակալություն չենք համարում ձեզ»` ասել է Թուրքայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` «անհեթեթ» անվանելով «Standard & Poors»-ի կողմից վարկային վարկանիշների վերաբերյալ այս շաբաթ ընդունված որոշումները:

«Standard & Poors»-ի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, չնայած վերջին տասնամյակում Թուրքիան հասել է տնտեսական աճի և զարգացման տպավոիրչ արդյունքների, երկրի վրա, այնուամենայնիվ, շարունակում են ճնշում գործել կառուցվածքային որոշ թերություններ:

Ընկերության կողմից տարածված հաղորդագրությունում ներկայացված տեղեկությունների համաձայն, Թուրքիայի տնտեսությունը բավականին փակ է, իսկ արտահանումը, ըստ 2011 թվականի տվյալների, կազմում է ՀՆԱ-ի մոտ 24 տոկոսը:

Վարկանիշային գործակալության հաղորդագրությունում նշվել է նաև, որ երկիրը ներկայում ունի հաշվի մեծածավալ պակասուրդ, որի սպասարկումը կախված է Թուրքայի տարածքից դուրս ներգրավվող կարճաժամկետ ֆինանսավորումից:

XS
SM
MD
LG