Մատչելի հղումներ

Աբդուլլահ Գյուլ. «Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի հարցը բարենպաստ մթնոլորտ ստեղծելուն խոչընդոտող հիմնական խնդիրն է»


Աբդուլլահ Գյուլ. «Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի հարցը բարենպաստ մթնոլորտ ստեղծելուն խոչընդոտող հիմնական խնդիրն է»
Աբդուլլահ Գյուլ. «Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի հարցը բարենպաստ մթնոլորտ ստեղծելուն խոչընդոտող հիմնական խնդիրն է»

Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում կայանալիք խորհրդաժողովի նախօրեին խորհրդաժողովի մասնակից Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հարցազրույց է տվել ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» և Թուրքիայի «Ջիհան» լրատվական գործակալության համատեղ նախագիծ «ՄԿ-Թուրքիա» առցանց պարբերականին:

Հարցազրույցում Թուրքիայի նախագահը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի կարգավորման և Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցին:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ ք ապագայում կներկայացվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող նոր նախաձեռնություններ, և արդյոք Անկարան սպասում է Երևանի հաջորդ քայլին, Գյուլը նշել է Հարավային Կովկասի կարևորությունը որպես և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի հետ հարևանությամբ գտնվող տարածաշրջանի:

«Ղեկավարվելով հարևան տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարեկեցության ռազմավարությամբ, մենք ձգտում ենք այս տարածաշրջանում հասնել խաղաղությանը, անվտանգությանն ու համագործակցությանը նպաստող իրավիճակի», - ասել է Թուրքիայի նախագահը:

Գյուլի համաձայն, Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի հարցը նման բարենպաստ մթնոլորտ ստեղծելուն խոչընդոտող հիմնական խնդիրն է: «Կարծում եմ, որ այս խնդրի շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության տեսակետները համընկնում են: Այս տեսակետից ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված առաջընթացը վճռական նշանակություն կունենա» - ասել է Թուրքիայի նախագահը:

Այս կապակցությամբ Գյուլը կրկին շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է ցուցաբերել բազմակողմանի օգնություն հակամարտությունը լուծելու գործում, ինչին անձամբ մասնակցում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ինչպես նաև կատարել անհրաժեշտ բոլոր քայլերը` հակամարտության հետագա լուծման համար:

«Այս ճանապարհին գրանցված առաջընթացը, անկասկած, դրական ազդեցություն կգործի հայ-թուրքական հարաբերությունների վրա», - ասել է Գյուլը` հավելելով. «Սա է Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցում: Մենք անկեղծ ցանկանում ենք, որ բարելավման գործընթացը հաջողությամբ ավարտվի»:

«Հարավային Կովկասում խաղաղության, տարածաշրջանի պետություններում և դրանցից դուրս համագործակցության և բարեկեցության կայացման ձևավորման գործընթացում Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավումը պետք չէ ընկալել որպես առանձին գործընթաց, այս պետք է քննարկվի ամբողջ տարածաշրջանի շրջանակում», - ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

XS
SM
MD
LG