Մատչելի հղումներ

Թուրքիայում քաղաքական հակամարտության տնտեսական հետևանքները


Վտանգի տակ կարող է դրվել Թուրքիայում արդեն մեկ տասնամյակ շարունակվող տնտեսական աճը

Թուրքիայում մի քանի շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հակակառավարական ցույցերը ճնշում են գործադրել երկրի ֆինանսական շուկաների վրա: Վերլուծաբանները զգուշացնում են, որ վտանգի տակ կարող է դրվել Թուրքիայում արդեն մեկ տասնամյակ շարունակվող տնտեսական աճը, քանի որ աշխարհի տնտեսության մեջ պահպանվում է անորոշությունը: Բարձրաձայնվում է նաև Թուրքիայի կառավարության կողմից շուկայական դիրքորոշման հանձնառությանը հավատարիմ մնալու հարցը:

Հակակառավարական աննախադեպ բողոքի ցույցերի հետևանքով Թուրքիայի ֆինանսական շուկաներում խորը անկում է գրանցվել. կտրուկ անկում է ապրել արժեթղթերի շուկան, իսկ Թուրքիայի ազգային արժույթի՝ լիրայի, փոխարժեքը ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ հասել է ռեկորդային ցածր մակարդակների:

Ստամբուլի «Բահչեհիր» համալսարանի տնտեսագետ Ջենգիզ Աքթարի համաձայն, Թուրքիայի արժեթղթերի շուկայում և արժույթի փոխարժեքների գրանցված անկումը եղել է այսքան խորը, քանի որ այն համընկել է աշխարհի շուկաներում արժեթղթերի տեղի ունեցած զանգվածային վաճառքների հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի կենտրոնական բանկը նշել էր, որ նախատեսվում է դադարեցնել գրեթե առանց տոկոսադրույք գանձելու գումարների տրամադրման քաղաքականությունը:

Ստամբուլի «Ֆինանսբանկ»-ի գլխավոր տնտեսագետ Ինան Դեմիրը սակայն պնդում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արված այն հայտարարությունը, որի համաձայն երկրում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի հետևում կանգնած են աշխարհի ֆինանսական կազմակերպությունները, որոնք դավադրություն են ծրագրում Թուրքիայի դեմ, մտահոգություններ է առաջացրել օտարերկրյա ներդրողների շրջանում այն մասին, թե ինչպիսին քաղաքականություն կվարի Թուրքիայի կառավարությունն ապագայում:

Թուրքիայի համար շատ կարևոր է միջազգային շուկայում իր ռիսկայնության վերաբերյալ ունեցած ընկալման ցուցանիշը, քանի որ երկիրը կախված է աշխարհի ֆինանսական շուկաներից՝ աշխարհում բյուջեի ամենաբարձր պակասորդներից մեկը ֆինանսավորելու նպատակով գումարների փոխառություններ կատարելու հարցում:

Փորձագետների համաձայն, աշխարհում Թուրքիայի ընկալման մեջ արդեն իսկ փոփոխություններ են տեղի ունեցել: Նրանց կարծիքով, բացի այդ, Թուրքիայի կողմից իր պարտքի սպասարկման համար վճարվող գումարների ծավալները կարող են հեռու գնացող հետևանքներ ունենալ:
XS
SM
MD
LG