Մատչելի հղումներ

Նոր բախումներ թուրքական բանակային ուժերի եւ քուրդ ապստամբների միջեւ


Թուրքիայի հարավարեւելյան հատվածում տեղի են ունեցել բախումներ երկրի բանակային ուժերի եւ քուրդ ապստամբների միջեւ։ Իրաքի սահմանակից այս շրջանում սկսված կրակոցների արդյունքում սպանվել է թուրք մի զինվորական։

Ինչպես Թուրքիայի բանակի պաշտոնատար անձինք են տեղեկացնում, բանակային ուժերում կա նաեւ երեք վիրավոր։

Այս բռնությունները սկսվեցին, երբ Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը թեժացրեց գործողություններն ընդդեմ զինյալ խմբավորումների։

Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմաօդանավերն անցյալ շաբաթ ռմբակոծության էին ենթարկել կասկածյալ ապստամբների մի քանի տասնյակ թիրախներ։

Այս հատվածներում սովորաբար գործում են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինված խմբերը, որոնք 25 տարի զինված պայքար են մղել՝ այստեղ քրդական ինքնավարություն ստանալու նպատակով։

Թուրքիան, ԱՄՆ-ը եւ Եւրոպական Միությունը Քրդստանի աշխատավորական կուսակցությունը համարում են ահաբեկչական կազմակերպություն։

XS
SM
MD
LG