Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր՝ Թուրքիայի օդուժի հարվածների արդյունքում


Բազմաթիվ զոհեր՝ Թուրքիայի օդուժի հարվածների արդյունքում

Թուրքիայի զինված ուժերի կողմից քուրդ ապստամբների դեմ իրականացվող գործողությունների ընթացքում զոհվել է 90-ից 100 ապստամբ:

Զինված ուժերի կողմից երեքշաբթի օրը տարածված հաղորդագրության համաձայն, Թուրքիայի ռազմական ինքնաթիռներն անցյալ շաբաթից իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում խոցել են 132 թիրախ, իրականացված գործողությունների արդյունքում ևս 80 ապստամբ վնասվածքներ է ստացել: Հաղորդագրության համաձայն, ցամաքային և օդային գործողությունները շարունակվելու են:

Զոհերի մասին տվյալների հաստատում չի տրամադրվել:

Անկարայի կողմից հարձակումների իրականացումը կատարվում է ի պատասխան քուրդ ապստամբների կողմից անցյալ շաբաթ Թուրքիայի զինված ուժերի շարասյան ուղղությամբ իրականացված հարձակման:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Թուրքիայի հարավ-արևելքում պայթուցիկի կիրառմամբ հարձակման հետևանքով վերջին տվյալների համաձայն զոհվել է Թուրքիայի զինված ուժերի ութ զինծառայող:

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը հայտնել էր, որ ճանապարհի եզրին տեղադրված չորս ռումբ գործարկվել է չորեքշաբթի առավոտյան Իրաքի հետ սահմանամերձ Հաքարի նահանգում երկրի զինված ստորաբաժանումներից մեկի ավտոշարասյան անցնելու ժամանակ:

Թուրքիայի պաշտպանության նախարարը կոչ էր արել վրեժխնդիր լինել քուրդ ապստամբների նկատմամբ, քանի որ, իր համոզմամբ, հարձակումն իրականացնելու համար պատասխանատվություն են կրում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալները:

Այս հարձակումն իրականացվել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթից մի քանի օր անց, որի ընթացքում ինքը հայտնել է «ապստամբների նկատմամբ Թուրքիայի համբերության սպառվելու» մասին:

Թուրքիայի հարավ-արևմուտքում օգոստոսի 14-ին երեք զինծառայող էր սպանվել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների կողմից: Զինծառայողները, վերադառնալով հարավ-արևմտյան Շիրնակ նահանգի Բեյթուշշեբաբ շրջանում իրականացվող պարեկային ծառայությունից, ընկել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» մի խումբ զինյալների կողմից կազմակերպված դարան: Հարձակման զոհվածների թվում են եղել թուրքական բանակի երկու շարքային և մեկ սպա:

Այս տարվա հունիսի 16-ին Դիարբեքիր նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների հետ բախման պատճառով զոհվել էր թուրքական բանակի 16 զինծառայող, ինչը դարձել էր թուրքական բանակի կողմից զինծառայողների ամենամեծ կորուստը 2008 թվականի հոկտեմբերից:

«Քրդստանի աշխատավորական կուսակցություն»-ն ահաբեկչական կազմակերպություն է համարվում Թուրքիայի, Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության կողմից:

XS
SM
MD
LG