Մատչելի հղումներ

«Թուրքիան՝ Իրաքի պատերազմի իրական հաղթողը»


Առևտուր Բաղդադի Քարադա շուկայում (արխիվային լուսանկար)
Առևտուր Բաղդադի Քարադա շուկայում (արխիվային լուսանկար)

«Ամերիկացիները հաղթել են պատերազմը, Իրանը ստացել է խաղաղություն, թուրքերը ձեռք են բերել առևտրային պայմանագրեր»

«Ամերիկացիները հաղթել են պատերազմը, Իրանը ստացել է խաղաղություն, թուրքերը ձեռք են բերել առևտրային պայմանագրեր»:

Այսպես է սկսվում «Ֆայնենշլ Թայմս» պարբերականում հրապարակված «Թուրքիան՝ Իրաքի պատերազմի իրական հաղթողը» վերնագիրը կրող հոդվածը, որտեղ պարբերականը հիշեցնում է, որ Թուրքիան, որը 2003 թվականին խոչընդոտել էր իր տարածքից ամերիկյան զինված ուժերի ներխուժումը Իրաք, տասը տարի անց դարձել է Իրաքի շուկայի համար վարվող պատերազմից ամենամեծ օգուտը քաղած կողմը:

«Չնայած Բաղդադի հետ հարաբերությունները գնալով վատթարանում են, վերջին տասնամյակի ընթացքում Իրաք առաքվող թուրքական ապրանքների ծավալն ավելացել է տարեկան գրեթե 25 տոկոսով՝ 2012 թվականին հասնելով 10,8 միլիարդ դոլար ցուցանիշի և Անկարայի համար Իրաքը դարձնելով Գերմանիայից հետո ամենակարևոր երկրորդ շուկան», - գրում է պարբերականը՝ նշելով, որ առևտրի և ծառայությունների մատակարարման գերակշռող՝ մոտ 70 տոկոս բաժնեմասն իրականացվում է Իրաքի քուրդաբնակ հյուսիսում:

«Ֆայնենշլ Թայմս»-ը սակայն հիշեցնում է, որ Իրաքի հետ հարաբերություններում լարվածությունն ավելանում է այն պատճառով, որ Թուրքիան ծրագրում է ներդրումներ կատարել Իրաքի հյուսիսային տարածքների էներգետիկայի ոլորտում, ինչը, ըստ Իրաքի վարչապետ Նուռի ալ-Մալիքիի, հակասահմանադրական է:

«ԱՄՆ-ը զգուշացնում է, որ Բաղդադի կամքին հակառակ գործարքը կարող է նպաստել Իրաքի բաժանվածության՝ ավելի մոտ մղելով ալ-Մալիքիին Իրանի կողմ և փակելով Իրաքի շուկայի 80 տոկոսը թուրքական ընկերությունների համար», - գրում է պարբերականը՝ մեջբերելով Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեի խոսքերը, որն ասել է, թե եթե ինքը լիներ Թուրքիայում գործող արտադրող, ապա «չէր ցանկանա վտանգի տակ դնել այդ սպառողներին»:
XS
SM
MD
LG