Մատչելի հղումներ

Թուրքիան հանելու է Իրանը վտանգավոր երկրների ցանկից


Թուրքիան Իրանին հանելու է ազգային անվտանգության համար հատուկ վտանգ ներկայացնող երկրների ցանկից:

Ցանկի նորացված տարբերակը Անվտանգության ազգային խորհրդի կողմից ներկայացվող փաստաթղթի մաս է կազմում: Այս փաստաթղթում, որը հաստատվելու է այս տարվա հոկտեմբերի ամսին, Իրանն այլևս նշված չի լինելու որպես «հատուկ վտանգ» ներկայացնող երկիր:

Իրանի հետ Թուրքիայի հարաբերությունների բարելավումը մտահոգության տեղի է տալիս Արևմուտքին: Թուրքիան, լինելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, չի ընդունել Խորհրդի կողմից հունիս ամսին Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշումը, ինչը առաջացրել է ԱՄՆ-ի և իր դաշնակիցների դժգոհությունը:

Փաստաթղթի նորացված տարբերակում նշվում է Իրանի վիճահարույց միջուկային ծրագիրը: Փաստաթուղթը հաստատում է առանց միջուկային սպառազինության Մերձավոր Արևելքին նախապատվություն տվող Թուրքիայի դիվանագիտական ուղղվածությունը, որում հղում է կատարվում տարաշաշրջանում միջուկային զենք ունեցող միակ երկրին` Իսրայելին:

Թուրքիայի հարաբերությունները Իսրայելի հետ մնում են լարված, մանավանդ մայիսի 31-ին դեպի Գազա ուղևորվող մարդասիրական օգնություն տեղափոխող թուրքական նավի վրա կատարված հարձակումից հետո: Մարդկային զոհերի բերած հարձակումից հետո Թուրքիան սպառնացել է ընդհանրապես խզել կապերը Իսրայելի հետ, եթե վերջինս ներողություն չխնդրի կատարվածի համար: Սակայն Իսրայելը հրաժարվում է այդ քայլից:

Բացի այդ, նոր փաստաթղթում նվազեցվել է այն վտանգը, որը Թուրքիայի համար ներկայացնում է երկրի ավանդական հակառակորդ Հունաստանը: Երկու երկրներն ունեն տարածքային տարաձայնությունների երկարատև պատմություն, սակայն այս երկրները բարելավել են հարաբերությունները ձեռնարկատիրության ոլորտում:

XS
SM
MD
LG