Մատչելի հղումներ

Թուրքիայի փոխվարչապետը ներողություն է խնդրել ոստիկանության բռնությունների համար


«Կառավարությունը սակայն ներողություն չի խնդրում այն անձանցից, ովքեր գույք են ոչնչացրել և միջամտել մարդկանց ազատություններին»

Թուրքիայի փոխվարչապետ Բուլեթ Առինչը ներողություն է խնդրել երկրի ոստիկանության կողմից ցուցարարների դեմ ուղղված բռնություններ գործելու համար:

Բուլենթ Առինչի համաձայն, բնապահպանական նկատառումներից ելնելով բողոքի ցույց սկսած մարդկանց նկատմամբ «չափազանց ուժ» գործադրելը սխալ է եղել: Առինչը սակայն նշել է, որ կառավարությունը ներողություն չի խնդրում այն անձանցից, ովքեր գույք են ոչնչացրել և միջամտել մարդկանց ազատություններին:

Փոխվարչապետն ասել է, թե նախատեսում է հանդիպում անցկացնել Ստամբուլում անցյալ ուրբաթ օրն անցկացված բողոքի ցույցի մասնակիցների հետ: Նա հայտնել է նաև, որ բողոքի ալիքի սկզբից ի վեր վնասվածքներ է ստացել ոստիկանության 244 ծառայող և 64 ցուցարար:

Ստամբուլում և Անկարայում երեքշաբթի օրը շարունակվել են բախումները ոստիկանության ուժերի և ցուցարարների միջև: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ փորձելով ցրել բողոքի ցույցերը Ստամբուլում, իսկ ցուցարարներն իրենց հերթին բարիկադներ են կառուցել աղյուսներից և իրենց հասանելի այլ նյութերից:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որպես ընտրություններում կրած պարտությամբ առաջացրած զայրույթ է որակել երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը: Նրա համաձայն, ցուցարարները «կողք կողքի քայլում են ահաբեկիչների հետ և չեն վայելում Թուրքիայի հասարակ բնակիչների աջակցությունը»:

Երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլն իր հերթին հորդորել է թուրքերին պահպանել հանգստություն, սակայն միաժամանակ պաշտպանել բողոքելու իրենց իրավունքը:

ԱՄՆ-ի Սպիտակ տակ խոսնակ Ջեյ Քարնին Վաշինգտոնում ասել է, թե Միացյալ Նահանգները մտահոգված է ոստիկանության կողմից չափազանց ուժի կիրառման հաղորդագրություններով և հորդորել է բոլոր կողմերին զերծ մնալ բռնություններից: Նրա համաձայն, խաղաղ բողոքի իրավունքը ժողովրդավարական ցանկացած պետության անկյունաքարն է:
XS
SM
MD
LG