Մատչելի հղումներ

Թուրքիայում ձերբակալվել է քուրդ ապստամբների հետ կապերի մեջ մեղադրվող 32 անձ


Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Լեյլա Զանան՝ Դիարբեքիրում անցկացվող նախընտրական արշավի ժամանակ (արխիվային լուսանկար)

Թուրքիայի ոստիկանության կողմից ամբողջ երկրում իրականացված գործողության արդյունքում ձերբակալվել է քուրդ ապստամբների հետ կապերի մեջ մեղադրվող 32 անձ:

Ոստիկանության կողմից իրականացվող գործողությունները կազմել են ազգությամբ քուրդ ակտիվիստների և զինված պայքար տանող անջատողականների միջև հնարավոր կապերը հայտնաբերելու ուղղությամբ տարվող հետաքննության մասերից մեկը:

Թուրքիայի ոստիկանության կողմից ուրբաթ օրն իրականացված գործողությունների թիրախն է դարձել քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը: Ոստիկանության ծառայողները գրեթե միաժամանակ ներխուժել են կուսակցության անդամների տները և կուսակցության գրասենյակներ, ներառյալ Անկարայում գործող քուրդ օրենսդիր Լեյլա Զանայի գրասենյակը:

Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Լեյլա Զանան հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ քրդերը «չպետք է վայր դնեն զենքը, քանի որ զենքը քուրդ համայնքի անվտանգության ապահովման միակ գրավականն է»:

Դիարբեքիրի ընտրատարածքից ընտրված Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Զանան ասել է, թե զենքն այնքան ժամանակ կմնա քրդերի «անվտանգության գրավականը», քանի դեռ գոյություն ունի «քրդական հարցը»:

Մեկնաբանելով Քրդստանի աշխատանքային կուսակցության կողմից միակողմանի զինադադար հայտարարելու մասին ասեկոսեները՝ Զանան համոզմունք է հայտնել, որ միակողմանի որևէ գործողություն խնդրի լուծման չի հանգեցնի: Նրա համաձայն, անցյալի փորձի, մասնավորապես 1980-ականներին տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, երկու կողմերի միջև փոխադարձ անվստահություն է ձևավորվել:

«Քրդերի կողմից զենքի վայր դնելու հարցը չպետք է քննարկվի այնքան ժամանակ, մինչև քրդերի չտրամադրվի իրավական կարգավիճակ՝ իրավական երաշխիք», - նշել է պատգամավոր Լեյլա Զանան:

XS
SM
MD
LG