Մատչելի հղումներ

Թուրքիան Չինաստանի հետ համատեղ հրթիռներ կարտադրի


Միացյալ Նահանգները լուրջ մտահոգություններ է արտահայտել այն հանգամանքով, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան համագործակցում է «CPMIEC» ընկերության հետ, որի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանված

Թուրքիան մեծ հավանականությամբ կարող է ստորագրել Չինաստանի պետական ընկերություններից մեկի հետ հակաօդային պաշտպանության հրթիռների համատեղ արտադրության մասին գործարք, քանի որ Չինաստանի ընկերությունն այդ տեսակի հրթիռներ արտադրելու մրցույթում ներկայացրել է ամենացածր՝ 3,44 միլիարդ դոլարի առաջարկ:

Թուրքիայի ռազմարդյունաբերության գծով փոխնախարար Մուրադ Բայարը հայտնել է, թե Թուրքիան կարող է վեց ամսվա ընթացքում վերջնականացնել Չինաստանի «CPMIEC» պետական ընկերության հետ կնքված գործարքը:

Միացյալ Նահանգները լուրջ մտահոգություններ է արտահայտել այն հանգամանքով, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան համագործակցում է «CPMIEC» ընկերության հետ, որի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանված՝ «Իրանում, Հյուսիսային Կորեայում և Սիրիայում միջուկային զենքի չտարածման մասին» օրենքի շրջանակներում:

Թուրքիայի պաշտպանության փոխնախարարի համաձայն, իր երկիրը ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերի մասին որևէ տեղեկություներ չի հաղորդում Չինաստանին, և գործարքը վերջնականցնելուց հետո ամբողջ արտադրությունը կիրականացվի Թուրքիայի տարածքում:

ՆԱՏՕ-ի աղբյուրները սակայն նշել են, որ Չինաստանի հետ Թուրքիայի համագործակցությունը կարող է մտահոգություններ առաջացնել սպառազինությունների համատեղելիության և անվտանգության շուրջ:

Թուրքիայի հետ գործարքի վերջնականացումը, ըստ փորձագետների, մեծ հաղթանակ կդառնա Չինաստանի համար, քանի որ այս երկիրը փորձում է առաջատար դիրքեր զբաղեցնել ռազմական ժամանակակից բարդ տեխնիկայի առաքման ոլորտում:
XS
SM
MD
LG