Մատչելի հղումներ

Թուրքիան կոչ է արել Կանադային չընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձևը


Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մեհմեթ Ալի Շահին

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մեհմեթ Ալի Շահինը կոչ է արել Կանադային փոխել Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված իր քաղաքականությունը։

«Մենք կցանկանայինք այս տարվա ապրիլին չկանգնել նոր խնդիրների առջև», - ասել է Շահինը Կանադայի իր գործընկեր Նոյել Քինսելլայի հետ մամուլի ներկայացուցիչների հետ համատեղ անցկացված հանդիպման ընթացքում:

Կանադայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2004 թվականին, որն ավելի ուշ ստացել է երկրի կառավարության հավանությունը` արժանանալով Թուրքիայի խիստ քննադատությանը:

«Հուրիեթ» թուրքական պարբերականի փոխանցմամբ, Շահինը կարծիք է հայտնել, ըստ որի «1915 թվականի իրադարձությունները պետք է անաչառ գնահատվեն գիտականների կողմից»:

Նշելով, որ Կանադայում ապրում է Թուրքիայի մոտ 50 հազար քաղաքացի, Թուրքիայի խորհրդարանի խոսնակն ասել է. «Նրանք քաղաքակիրթ մարդիկ են, ովքեր իրենց լուման ունեն Կանադայի կայունության ու զարգացման գործում: Հուսով եմ, որ Կանադայի կառավարությունն ու պաշտոնյաները չեն կատարի այնպիսի քայլ, որը կվնասեր Թուրքիայի քաղաքացիներին»:

Իր կողմից, Կանադայի խորհրդարանի խոսնակը նշել է, որ պատմությունից պետք է քաղել դասեր` ուրիշներին չվնասելու համար:

«Անցյալում դաժան իրադարձություններ են տեղի ունեցել, և միջազգային հանրությունը դրանց շուրջ ինչ որ ժամանակ կարող է անցկացնել քննարկումներ», - ասել է Կանադայի խորհրդարանի խոսնակ Նոյել Քինսելլան` չհիշատակելով Հայոց ցեղասպանության խնդիրը:

XS
SM
MD
LG