Մատչելի հղումներ

Թուրքիայում մեկնարկել է նոր սահմանադրության մշակումը


Թուրքիայի խորհրդարանն այս շաբաթ մեկնարկել է նոր սահմանադրության մշակման աշխատանքները, որը համարվում է անհրաժեշտ՝ երկրի միլիտարիստական անցյալի հետ կապը խզելու համար: Չնայած նոր սահմանադրության անհրաժեշտության հարցում առկա է համաձայնություն, սակայն քաղաքական տարաձայնությունները դեռևս վտանգում են այս գործընթացը:

Խորհրդարանը վերամշակելու է երկրի մոտ 30 տարի առաջ ընդունված սահմանադրությունը, և նոր տեքստը փոխարինելու է 1980 թվականին իրականացված ռազմական հեղաշրջումից երկու տարի անց ընդունված սահմանադրությունը՝ արտացոլելով չափավոր հայացքների հարող կառավարության կողմից ղեկավարվող երկրում տեղ գտած մեծ փոփոխությունները:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համաձայն, նոր սահմանադրությունում, որի մշակման շուրջ տարվող աշխատանքն ավարտի կհասցվի մինչև տարեվերջ, «առաջին տեղում կլինի քաղաքացին, այլ ոչ թե պետությունը»:

Առավել ազատական սահմանադրության մշակման գործընթացին հրավիրվել են քաղաքացիական հասարակության և կրոնական կազմակերպությունները, ինչպես նաև անհատները: Գործընթացին մասնակցելու է նաև քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը:

Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Թուրքիայում քաղաքական ամենավատ պահվող գաղտնիքն այնն է, որ վարչապետ Էրդողանը ցանկանում է ամրապնդել նախագահության ինստիտուտը՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների օրինակով:

Երկրի ընդդիմադիր բոլոր կուսակցությունները սակայն խիստ դեմ են արտահայտվել խորհրդարանին մեծ լիազորություններ տվող ներկայիս քաղաքական համակարգում որևէ փոփոխությունների իրականացման:

XS
SM
MD
LG