Մատչելի հղումներ

«Today's Zaman». «Հայ փորձագետները կոչ են անում Թուրքիային նորովի նայել սփյուռքին»


Հայաստանից իրենց գործունեությունն իրականացնող երկու հայ փորձագետ պնդում են, որ Թուրքիայի մոտեցումը հայ համայնքի նկատմամբ առողջ և օգտակար չէ՝ մանավանդ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները բարելավելու համատեքստում։

«Today's Zaman» թուրքական թերթում այսօր հրապարակված «Հայ փորձագետները կոչ են անում Թուրքիային նորովի նայել սփյուռքին» հրապարակված հոդվածում «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը ասել է, որ Թուրքիայի պաշտոնատար անձինք «չեն հասկանում սփյուռքը», քանի որ գոյություն ունի մի քանի սփյուռք։

«Կա նոր սփյուռք, որի ներկայացուցիչները լքել են Հայաստանն անկախությունից հետո, և սա այն սփյուռքն է, որը շարունակում է պահպանել իրական և անմիջական կապեր Հայաստանի հետ՝ անհատների մակարդակով», - ասել է Ղազարյանը՝ հավելելով. «Կա ավանդական, հին սփյուռքը, որի կազմում ընդգրկված են ինչպես կազմակերպություններ, այնպես էլ բազում անհատներ։ Հայաստանի անկախությունից առաջ այս սփյուռքը հայտնի էր միայն կազմակերպությունների շնորհիվ, քանի որ չկար նրա հետ հաղորդակցվելու այլ եղանակ։ Հայաստանի կողմից անկախություն ձեռք բերելուց հետո այս սփյուռքի հետ փոխհարաբերություններն արդեն չեն սահմանափակվում միայն կազմակերպությունների հետ փոխհարաբերություններով։ Ներկայում Հայաստանում ներդրումներ կատարողները, երկիր այցելողներն արդեն կազմակերպությունները չեն» - ասում է Ղազարյանը, հավելելով, որ Թուրքիայի պաշտոնատար անձինք պետք է հասկանան սփյուռքի նման ներգրավվածությունը Հայաստանում։

«Դա ոչ միայն երեք քաղաքական կուսակցություն, երեք խոշոր բարեգործական և 500 համայնքային կազմակերպությունները, այլև ամբողջ աշխարհում ապրող հայերն են ցանկանում կապեր հաստատել։ Եկեղեցիները, քաղաքական կուսակցությունները և լոբիինգով զբաղվող կազմակերպությունները բոլորը մաս են կազմում սփյուռքի, սակայն նրանք սփյուռքի սկիզբն ու ավարտը չեն», - ասել է «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը՝ պատասխանելով «Today's Zaman» օրաթերթի հարցերին։

Անկախ վերլուծական «Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն» կազմակերպության հիմնադիր Ռիչարդ Կիրակոսյանի նույն հոդվածում հրապարակված կարծիքի համաձայն, Թուրքիան իրականում չի հասկանում հայկական սփյուռքին՝ որպես թշնամի վերաբերվելով վերջինին։

«Թուրքիայի կառավարությունը չի հասկանում, որ Հայաստանի կառավարությունը չի վերահսկում սփյուռքը։ Ընդհակառակը, Հայաստանի կառավարության համար շատ դժվար է վերահսկել կամ ուղղություն տալ հայկական սփյուռքին։ Թուրքիայի կառավարությունը սխալ է կատարում՝ հայկական սփյուռքն ընկալելով որպես միասնական, Թուրքիայի դեմ տրամադրված թշնամի, որի շարժիչ ուժը հակաթուրքական օրակարգն է, ինչը պարզապես այդպես չէ» - ասել է Կիրակոսյանը՝ նշելով, որ Թուրքիան կատարում է նաև երկրորդ սխալը՝ այն է Ստամբուլի հայությունը որպես Թուրքիայի ոչ պաշտոնական դեսպան և Հայաստանի հետ կապեր կամրջելու միջոց չյուրացնելն է։

«Սփյուռքի մասին անտեղյակության ավելի լայն շրջանակում առկա է նաև Թուրքիայում հայ համայնքի մասին և ընդհանրապես Հայաստանի մասին անտեղյակությունը, քանի որ սահմաններ փակելը և դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հրաժարվելը նշանակում է նաև, որ 1990 թվականից ի վեր Թուրքիան չի ճանաչում Հայաստանը։ Այդ երկրում բացակայում է Հայաստանում ստեղծված իրականության ընկալումը» - ասել է Ռիչարդ Կիրակոսյանը։

XS
SM
MD
LG