Ամերիկյան կիսագնդում և աշխարհի այլ վայրերում արևադարձային անտառներն արագորեն փոխվում են: Վերջին տասնամյակների հետազոտությունները ցույց են տալիս, որ Հարավային և Կենտրոնական Ամերիկայի անտառներում լույսի և սնուցման համար ավելի շատ ծառեր են ստիպված պայքարել լիանաների կամ որթատունկերի դեմ: Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ կլիմայական փոփոխությունների և մթնոլորտում ածխածնի երկօքսիդի բարձր պարունակության արդյունքում լիանաներն արագ են աճում և ծանրաբեռնում իրենց համար հիմք հանդիսացող ծառերը և որոշ դեպքերում` սպանում դրանց:
Պանամայի արևադարձային անտառների խորքում` Բարո Կոլորադո կղզում, Սմիթսոնյան արևադարձային հետազոտության ինստիտուտի գիտնականները բուսական և կենդանական աշխարհն ուսումնասիրում են արդեն գրեթե հարյուր տարի:
Գիտնական Ստեֆան Շնիցերը ուսումնասիրում է կառուցվածքային մակաբույծեր, որոնք աճում են ծառերին են կառչելով։
Նա պարզել է, որ ծառերի գագաթին աճող որթատունկերի քանակը վերջին չորս տասնամյակում ավելի քան կրկնապատկվել է:
«Պարզել ենք, որ ծառերի գրեթե 80 տոկոսը մրցում է որթատունկերի հետ: Որթատունկերն ազդում են գրեթե բոլոր ծառերի վրա, ուստի ծառերի աճի դանդաղման պատճառը հիմնականում որթատունկերն են», - ասում է Շնիցերը:
Ծառերն ու մակաբույծ որթատունկերը մրցում են նաև սնուցող նյութերի համար, և վերջիններս ծառերին զրկում են լույսից, կարող են խեղդել և սպանել ծառերին:
«Նրանց կարելի է կոչել բնածին սպանողներ: Այս որթատունկերը բարձրանում են ծառի վրա, ծառն ընկնում է, եւ դրանք ընկնում են ծառի հետ։ Սակայն ծառը մահանում է, իսկ որթատունկերը մնում են կենդանի», - ասում է Շնիցերը:
Շնիցերի գնահատմամբ` որոշ որթատունկեր հարյուրից ավելի տարեկան են, ծածկում են մեկ տասնյակից ավելի ծառեր և ծառերի գագաթով տարածվում մի քանի կիլոմետր տարածության վրա:
«Այս տարածքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ որթատունկերի տեսակները և դրանց կենսազանգվածը գնալով ավելանում են», - ասում է Շնիցերը:
Չնայած որոշ որթատունկերի պտուղներ պիտանի են կենդանիների սպառման համար, սակայն այս բույսերը ավերիչ են ծառերի համար:
Այս որթատունկը տաս տարբեր արմատներ ունի, որոնք տարածվել են մի քանի քառակուսի մետր շառավղով:
Շնիցերը հավատացած է, որ որթատունկերի արագ աճը պայմանավորված է երաշտով և օդի բարձր ջերմաստիճանով: Ըստ նրա` այդ որթատունկերը խոչընդոտում են ծառերի աճը և ածխածնի երկօքսիդի կլանումը:
Անտառի որոշ հատվածներում ծառ չկա, քանի որ որթատունկերը ոչնչացրել են բորոլ ծառերը:
«Ծառերը ոչնչանում են և արագ չեն վերականգնվում. 20-ից 30 տարի է պահանջվում մեկ ծառի լրիվ սաղարթը վերականգնվելու համար, քանի որ որթատունկերը խոչընդոտում են ծառի աճը», - ասում է Շնիցերը, որն իր թիմի հետ աշխատում է նաև մեկ այլ պահպանվող տարածքում, որտեղ 14 տեսակ ծառերի հարյուրավոր տնկիներ են տնկվելու տասնվեց տեղամասում` կեսը որթատունկերի հետ, կեսն` առանց որթատունկերի:
«Մենք 2-ից 3 ամիսը մեկ անգամ ստուգելու ենք մահացությունը կամ կենդանի մնալու ցուցանիշը, ապա յուրաքանչյուր 6-ից 12 ամիսը մեկ ստուգելու ենք ծառերի կենդանի մնալու ցուցանիշը: Երկու կամ երեք տարի հետո կպարզենք, թե ծառերի որ տեսակներն են ավելի լավ աճում որթատունկերի առկայության դեպքում», - ասում է Շնիցերը՝ հավելելով, որ 20 տարի անց պարզ կդառնան արևադարձային անտառի փոփոխության միտումները և անտառները վերականգնելու և պահպանելու եղանակները:
«Անտառների փոփոխության արդյունքում հնարավոր է, որ գոյանան անտառներ, որտեղ հիմնականում կաճեն որթատունկեր, և անտառներ, որտեղ հիմնականում կաճեն որթատունկերին դիմակայող ծառեր» - ասում է Շնիցերը:
Ինչու՞ այս հանգամանքը պետք է անհանգստացնի մարդկանց: Գիտնական Շնիցերի համաձան, արևադարձային անտառներում պարունակվում է երկրագնդի կեղևում պարունակվող ածխածնի երկու երրորդը: Առանց ածխածնի երկօքսիդը կլանող ծառերի` գլոբալ կլիմայական փոփոխության վտանգն է՛լ ավելի կմեծանա: