Հայաստանում 2010 թվականի ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում որևէ լուրջ փոփոխություն չի գրանցվել:
Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս հայտարարությամբ հոկտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի երևանյան ներկայացուցչության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը` ներկայացնելով 2010 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալները:
Հոկտանյանն ասել է, որ արդեն 15-րդ անգամ անցկացվող հետազոտությունն իրականացվել է աշխարհի 178 երկրներում: Նրա համաձայն, Հայաստանում, Թուրքիայում և Իրանում 2010 թվականին կոռուպցիայի ընկալման համաթիվը էական փոփոխություններ չի գրանցել: «2009 թվականի համեմատ Հայաստանի ցուցանիշը 2,7 նիշից իջել է 2,6 նիշի: Վիճակագրության տեսակետից իրական փոփոխություն գրանցել դժվար է, սակայն կարելի է ասել, որ Հայաստանում նկատվում է կոռուպցիայի ընկալման համաթվի նվազում», - նշել է Վարուժան Հոկտանյանը:
Կոռուպցիայի մակարդակը երկրներում գնահատվում է 0-ից 10 նիշանոց սանդղակի վրա, որտեղ զրոն նշում է ամենավատ ցուցանիշը:
Կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալներով, Սոմալիի, Բիրմայի, Աֆղանստանի ու Իրաքի ցուցանիշներն ամենացածրն են:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի համաձայն, կոռուպցիայի ամենացածր մակարդակը գրանցվել է Դանիայում, Նոր Զելանդիայում և Սինգապուրում:
Վրաստանը 2010 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալներով զբաղեցնում է 68-րդ տեղը` 3,8, իսկ Ադրբեջանը` 134-րդ տեղը` 2,4 կազմող ցուցանիշով:
Վարուժան Հոկտանյանը նշել է, որ 2009 թվականի համեմատ Կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալները վատթարացել են Չեխիայում, Հունաստանում, Իտալիայում, Հունգարիայում, Մադագասկարում, Նիգերիայում և ԱՄՆ-ում: