«Տոյոտա Մոտոր» ընկերությունն ամբողջ աշխարհում հետ է կանչել ավելի քան 1,5 միլիոն մեքենա: Հետկանչը հիմնականում վերաբերում է ԱՄՆ-ում և Ճանպանիայում վաճառված մեքենաներին:
Հետկանչը վերաբերում է նաև Եվրոպայում, ինչպես նաև ասիական տարբեր երկրներում վաճառված 200 հազար ավտոմեքենայի:
Ընկերությունը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի հետկանչի հիմնական պատճառը անսարքությունն է, որի հետևանքով արգելակային հեղուկը կարող է աստիճանաբար արտահոսել արգելակային գլանից: Ճապոնիայում վաճառված որոշ մոդելների վառելիքային պոմպն ունի խնդիրներ, որոնք կարող են բերել պոմպի աշխատանքի դադարեցման:
Ընկերությունը հայտնել է, թե խնդիրների հետևանքով դեռևս որևէ վթարի մասին հաղորդագրություններ չկան: Այս հետկանչը, այնուամենայնիվ, ևս մեկ անախորժություն է աշխարհի խոշորագույն ավտոարտադրողի համար, որն անցյալ տարվա ընթացքում ստիպված էր հետ կանչել մարդատար և բեռնատար ավելի քան 10 միլիոն ավտոմեքենա: