Մատչելի հղումներ

«Ադրբեջանին դժվար տարի է սպասում»


«Արդյոք Ադրբեջանը կկարողանա հաջողությամբ կարգավորել նավթի արդյունահանումից ստացվող եկամուտների և ընտրությունների հարցը, թե ոչ, 2013 թվականն այս երկրի համար բավականին դժվարին կլինի»

««Եվրատեսիլ-2012» մրցույթի անցկացումը չի նպաստել, որպեսզի մամուլը դրական գնահատականի արժանացնի Ադրբեջանի կառավարությանը: Եվրոպական մամուլը մասնավորապես ծաղրում էր ինչպես ցուցադրական այս իրադարձությունը, այնպես էր ավտորիտար հրամանագրերը»:

Այս խոսքերով է սկսվում ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում գործող Անվտանգության միջազգային հետազոտական ծրագրի Վուդրո Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի պետական քաղաքականության ոլորտի գիտաշխատող , լրագրող Այլան Գրինբերգի կողմից ամերիկյան «National Interest» հանդեսում հրապարակված «Ադրբեջանին դժվար տարի է սպասում» խորագրով հրապարակված հոդվածը:

Գրինբերգը կանխատեսում է, որ 2013 թվականը կարող է շատ ավելի դժվարին տարի լինել Բաքվի համար՝ Ադրբեջանի նավթարդյունաբերության ոլորտում արկա խնդիրների, գալիք նախագահական ընտրությունների, ինչպես նաև Հայաստանի հետ լարվածության ավելացման պատճառով:

Հեղինակը, վկայակոչելով Ադրբեջանի կայուն տնտեսական զարգացման ապահովման համար լուծումներ գտնելու նպատակով ստեղծված «Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոն» գիտահետազոտական կազմակերպության կողմից 2011 թվականի նոյեմբերին հրապարակված զեկույցը նշել է, որ «Ադրբեջանում նավթային արդյունաբերության արագ զարգացումը կդադարի մի քանի տարուց»:

«Հաշվի առնելով Ադրբեջանի չափազանց մեծ կախվածությունն արդյունահանման ոլորտից՝ նավթի արդյունահանումից ստացված եկամուտների կտրուկ նվազեցումը չափազանց մեծ վտանգ է ներկայացնում երկրի տնտեսության համար նույնիսկ այն դեպքում, եթե այս տարի նավթի միջազգային շուկայում չգրանցվի որևէ անկայունություն», - գրում է հեղինակը՝ վկայակոչելով «Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնը»:

«Նավթի արդյունահանումից ստացվող եկամուտների նվազեցումն արդեն իսկ դարձել է Ադրբեջանի կառավարության համար լարվածության շոշափելի աղբյուր, որի ակնհայտ դրսևորումն է եղել անցյալ տարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «British Petroleum» ընկերությանն ուղղված խիստ քննադատությունը», - գրում է հեղինակը՝ հիշեցնելով, որ Ալիևն ասել էր, թե «British Petroleum»-ը պատասխանատվություն է կրում «կոպիտ խախտումների» և «խոստումների չկատարման» համար, որի հետևանքով Ադրբեջանի պետական բյուջեն կորցրել է 8 միլիարդ դոլար:

Հոդվածում Գրինբերգը շեշտում է, որ նավթի հետ կապված խնդիրները ծագել են այն ժամանակ, երբ երկիրը պատրաստվում է ընտրությունների:

«Ոչ մեկի համար զարմանալի չէ, որ Ալիևը կդնի իր թեկնածությունը՝ նախագահի պաշտոնը երրորդ անգամ զբաղեցնելու համար: Նախորդ խորհրդարանական և նախագահական ընտրությունները վկայում են այն մասին, որ իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը հետին պլան է մղել, երբեմն՝ բիրտ ուժի կիրառմամբ, ընդդիմության բաժանված և խնդիրներ ունեցող կուսակցությունները, և կրկին կարող է դիմել նման քայլերի», - նշում է հեղինակը՝ հիշեցնելով, որ «Եվրատեսիլ-2012» երգի անցկացված փառատոնի հետևանքով Ադրբեջանում 2013 թվականի նախագահական ընտրությունները կարող են, ի տարբերություն անցյալների, արժանանալ ԶԼՄ-ների առավել կայուն ուշադրության:

«Նավթի արդյունահանումից ստացվող եկամուտների հետ կապված վիճակի շուրջ հասարակության մտահոգությունը, ինչպես նաև կոռուպցիայի և պետական մարմինների սխալ կառավարմամբ չարտահայտվող զայրույթը՝ համակցված անսովոր միասնություն ցուցաբերող ընդդիմության հետ, կարող են, որքանով էլ այն անհնարին լինի, դառնալ ընտրությունների պայթյունավտանգության կանխատեսումների պատճառը» - գրում է Գրինբերգը:

«Քաղաքական անկայունությունը չի նպաստում Ադրբեջանի կողմից հարևան Հայաստանի հետ սաստկացող սառը պատերազմի հանդարտման (դրան չի նպաստում նաև քաղաքական կայունությունը, որը հրահրում է որպես երկկողմանի քաղաքական «ստատու-քվոն» պահպանելու համար օգտագործվող ռազմատենչ հռետորաբանությունը)»՝ գրում է հեղինակը՝ հավելելով. «Այս տարի Հայաստանում նույնպես կանցկացվեն նախագահական ընտրություններ, որոնց պատճառով, ըստ էության, կանտեսվի երկու կողմերի միջև ամենաբարձր մակարդակով բանակցությունների անցկացումը՝ այսպիսով լրացուցիչ մտահոգություններ ավելացնելով հակամարտության շուրջ»:

«Արդյոք Ադրբեջանը կկարողանա հաջողությամբ կարգավորել նավթի արդյունահանումից ստացվող եկամուտների և ընտրությունների հարցը, թե ոչ, 2013 թվականն այս երկրի համար բավականին դժվարին կլինի», - եզրափակում է Անվտանգության միջազգային հետազոտական ծրագրի Վուդրո Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի պետական քաղաքականության ոլորտի գիտաշխատող , լրագրող Այլան Գրինբերգի հոդվածը:
XS
SM
MD
LG