Մատչելի հղումներ

Դասալքության է դիմել Սիրիայի բանակի բարձրաստիճան հրամանատարներից մեկը


«Այս դասալքությունը կարելի է համարել Բաշար ալ-Ասադի վարչակարգի անկման սկիզբը»

Սիրիայի բանակի բարձրաստիճան հրամանատարներից մեկը և երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի երկար տարիների վստահված անձը դիմել է դասալքության և այժմ գտնվում է Թուրքիայում:

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունից «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են, որ բրիգադային գենեռալ Մանաֆ Թլասի դասալքության մասին տեղեկացել են Սիրիայում գտնվող լրագրողներից, ինչպես նաև երկրի անվտանգության ուժերից:

Սիրիայի պաշտպանության նախկին նախարարի որդի Թլասը զբաղեցրել է Ասադի էլիտար Հանրապետական պահակազորի հրամանատարի պաշտոնը:

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունից հայտնել են նաև, որ դասալքության դիմած բարձրաստիճան հրամանատարն իր որոշման մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա գալիք մի քանի օրվա ընթացքում:

Թլասի դասալքության և Թուրքիա փախուստի դիմելու մասին հինգշաբթի օրը հայտնել են Սիրիայի ակտիվիստները՝ վկայակոչելով ընդդիմադիր «Ազատ սիրիայի բանակ»-ի գնդապետ Ռիադ ալ-Ասադին:
Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն հաստատել Սիրիայի բարձրաստիճան հրամանատարի իրենց տարածքում գտնվելու մասին լուրերը:

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, այս դասալքությունը ուժգին հարված է Ասադի վարչակարգին, քանի որ Մանաֆ Թլասը եղել է վարչակարգի ամենակարևոր ներկայացուցիչներից՝ մոտ հարաբերությունների մեջ լինելով նախագահ Ասադի ընտանիքի հետ, ինչպես նաև զբաղեցնելով Հանրապետական պահակազորի հրամանատարի պաշտոնը:

«Գնդապետ Մանաֆ Թլասի դասալքությունը կարելի է համարել Բաշար ալ-Ասադի վարչակարգի անկման սկիզբը», - նշել է «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության ներկայացուցիչներից մեկը՝ հավելելով, որ նման բարձր պաշտոն զբաղեցնող ղեկավարի փախուստի կարող է նման գործողությունների դրդել Սիրիայ զինված ուժերի այլ սպաներին:
XS
SM
MD
LG