Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետդեպարտամենտ. «Ռուսաստանը հիմք չունի Եվրոպայում կանխարգելիչ հարվածներ հասցնելու համար»


«Ռուսաստանը հիմք չունի Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի կողմից հակահրթիռային համակարգի տեղաբաշխման դեմ ռազմական բնույթի գործողություններ ձեռնարկելու համար»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Մարկ Տոները՝ մեկնաբանելով Ռուսաստանի գլխավոր շտաբի պետի՝ հակահրթիռային համակարգի կառույցների դեմ ուղղված կանխարգելիչ հնարավոր հարվածի մասին հայտարարությունը:

Տոները հինգշաբթի օրը մամուլի հետ կայացած հանդիպման ընթացքում շեշտեց, որ հակահրթիռային համակարգի գործարկումը «չի խախտում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական հավասարակշռությունը», և այս պատճառով Մոսկվան չունի կանխարգելիչ հարված հարցնելու հիմքեր:

«Մենք բազմիցս հայտնել ենք, որ չունենք մտադրություն, ցանկություն կամ հնարավորություն՝ ռազմավարական զսպման Ռուսաստանի համակարգը խաթարելու համար», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը:

Տոների այս հայտարարությունն արվել է ի պատասխան Մոսկվայում հինգշաբթի օրը հակահրթիռային պաշտպանության հարցերին նվիրված միջազգային համաժողովի ժամանակ Ռուսաստանի բանակի գեներալ Նիկոլայ Մակարովի ելույթի ընթացքում արված հայտարարության: Գեներալ Մակարովը մասնավորապես նշել է, որ հրթիռային համակարգերի ֆիզիկական ոչնչացման համար կարող է կանխարգելիչ հարված հասցվել:

Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակը Ռուսաստանի ներկայացուցիչներին է վերահասցեավորել այն հարցը, թե ինչու Վաշինգտոնի կողմից հակահրթիռային համակարգի Ռուսաստանի համար սպառնալիք չներկայացնելու մշտական հավաստիացումներին ի պատասխան Մոսկվան նման ռազմատենչ հռետորաբանությամբ է հանդես գալիս:

«Պատրաստ ենք մեծացնել շփման եզրերի և փոխըմբռնման ձեռքբերմանն ուղղված ջանքերը: Մենք արդեն բազում տարիներ համագործակցում ենք հակահրթիռային պաշտպանության ոլորտում և մտադիր ենք շարունակել այս աշխատանքը», - մամուլի հետ հանդիպման ընթացքում նշել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Մարկ Տոները:

XS
SM
MD
LG