Մատչելի հղումներ

Գերմանացի բժիշկները խնդրում են Ուկրանիայի նախկին վարչապետի բուժումը շարունակել Բեռլինում



Ուկրաինայի նախկին վարչապետ, այժմ կալանավորված Յուլիա Տիմոշենկոյին բժշկական քննության ենթարկած գերմանացի մասնագետները դիմել են երկրի նախագահին՝ խնդրելով թույլ տալ նրա բուժումները շարունակել արտասահմանում։

Բեռլինի Քարիթե համալսարանի հիվանդանոցի տնօրեն Քարլ Այնհոյփըլը լրագրողներին ասել է, թե բժշկական իր անձնակազմը չի կարծում, որ Ուկրաինայում մնալու դեպքում, Տիմոշենկոն կհաղթահարի մեջքի խնդիրները։


Տիմոշենկոն անցյալ շաբաթվանից սկսել է հացադուլ՝ բողոքելով, որ բանտում ծառայողներն իրեն ենթարկում են ծեծի։
Նախագահ Վիկտոր Յանուկովիչն ասել է, թե հրամայել է սկսել մեղադրանքներն ուսումնասիրելու համար հետաքննություն։
Հիշեցնենք, որ Տիմոշենկոյի նկատմամբ կայացվել է 7 տարվա ազատազրկման վճիռ՝ նրան մեղադրելով 2ՕՕ9 թվականին Ռուսաստանի հետ կնքված գազի առեւտրի գործարքում խարդախություններ թույլ տալու մեջ։ Նրա դեմ հարուցվել են նաեւ հարկերից խուսափելու մասին մեղադրանքներ, ինչը պատժաժամկետը կարող է հասցնել մինչեւ 12 տարվա։

Տիմոշենկոն հերքում է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ դրա նպատակը Յանուկովիչի քաղաքական ամենաուժեղ մրցակցին ասպարեզից հեռացնելն է։

XS
SM
MD
LG