Մոտավոր հաշվարկներով, աշխարհում ավելի քան երեք միլիարդ մարդ վահանագեղձի խնդիր ունի: Այս խնդիրն ամենաքիչ գրավիչ բժշկական լուծումն է առաջարկում՝ վիրահատություն պարանոցի շրջանում, որի հետևանքով տգեղ սպի է մնում: Սակայն նոր հաստատված վիրահատման եղանակը կփոխի իրավիճակը:
Քեթրին Բարլին վերջապես կարող է շունչ քաշել: Վաղուց չէր, երբ վահանագեղձի այտուցը սարսափելի ցավ էր պատճառում իրեն:
«Հանգույցը բարձրացել էր վերև, հասել անրակիս և սեղմում էր վզիս կողքում գտնվող նյարդին» - ասում է Քեթրինը:
Երկրագնդի բնակչության 50 տոկոսն ունի նույն խնդիրը: Վահանագեղձի հանգույց ունի յուրաքանչյուր 15 կանանցից մեկը։ Համեմատության համար, վահանագեղձի հանգույց ունի հիսուն տղամարդկանցից մեկը:
Քեթրինը խուսափում էր վիրահատումից, որը հավանաբար մոտ յոթ սանտիմետր երկարության սպի կարող էր թողնել:
«Պարզապես չէի ուզում, որ ամեն առավոտ հագնվելիս ինձ որևէ բան հիշեցնի վիրահատության մասին», - ասում է Քեթրինը:
«Վահանագեղձի վիրահատությունը բավական տարածված է, և դա աճող էնդոկրին՝ ներզատական խնդիրներից է, որը վիրահատություն է պահանջում» - ասում է բժիշկ Ամելիա Գրովերը:
Բժիշկ Գրովերը վիրահատման նոր եղանակ է բացահայտել, ըստ որի կտրվածքը կատարվում թևատակում, ապա, բարձրանալով ներսից, պարանոցի մոտ կատարվում անհրաժեշտ վիրահատումը՝ չթողնելով տեսանելի որևէ սպի:
«Ժամանակի ընթացքում կանանցից շատերի համար ավելի դժվար է դառնում շարունակ թաքցնել սպին, ուստի այլ լուծումն առավել անձնական է», - ասում է բժիշկը:
ԱՄՆ-ի դեղամիջոցների և սննդամթերքի վերահսկողության գործակալությունը հաստատել է եռաչափ պատկեր ապահովող տեսախցիկներ և ռոբոտ-ձեռքեր ունեցող «Դա Վինչի» ռոբոտի կիրառումն այս վիրահատության համար: Չնայած այս վիրահատությունը տևում է երեք ժամ՝ հին մեթոդից մի փոքր ավելի երկար, օգուտը սակայն ակնհայտ է:
ԱՄՆ-ում այս եղանակով վիրահատվող առաջին հիվանդներից մեկի՝ Քեթրինն ասել է. «Կարծում եմ, վիրահատության իրական գնահատականը կյանքին վերադառնալն է՝ առանց հիշելու, որ երբևէ վիրահատվել ես»:
Իր մոտ վահանագեղձի այտուցը բարորակ էր, և մեկ շաբաթ անց այն ամբողջությամբ վերացել էր՝ առանց որևէ սպի թողնելու կամ խնդիր առաջացնելու:
Ներկայումս կլինիկական փորձերի ընթացքում գնահատվում է այս տիպի վիրահատության վստահության ցուցանիշը: Ենթադրվում է, որ հատկապես կանանց համար առավել մեծ վստահություն կներշնչի առանց սպի հասարակություն դուրս գալու հնարավորությունը: