Մատչելի հղումներ

Եվրաինտեգրման աջակիցները բազմահազար ցույցեր են անցկացնում Կիևում


Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հավաքել են տասնյակ հազարավոր ցուցարարներ՝ արտահայտելու համար իրենց բողոքը երկրի կառավարության կողմից Եվրոպական Միության հետ առևտրային համաձայնագիր կնքելուց հրաժարվելու որոշման կապակցությամբ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հավաքել են տասնյակ հազարավոր ցուցարարներ՝ արտահայտելու համար իրենց բողոքը երկրի կառավարության կողմից Եվրոպական Միության հետ առևտրային համաձայնագիր կնքելուց հրաժարվելու որոշման կապակցությամբ:

Ցուցարարների ձեռքում կային Ուկրաինային և Եվրամիության դրոշները: Բողոքի ցույցի մասնակիցները քաղաքի Եվրոպայի հրապարակ ուղևորվելու ժամանակ վանկարկել են արևմտամետ կարգախոսներ:

Տարբեր գնահատականների համաձայն, Ուկրաինայի ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ցույցին մասնակցել է 20-ից 50 հազար մարդ:

Կիևի փողոցներ դուրս են բերվել ոստիկանության հատուկ ստորաբաժանումների ծառայողներ: Ոստիկանության ծառայողների և ցուցարարների միջև տեղի են ունեցել բախումներ այն բանից հետո, երբ որոշ ցուցարարներ կառավարության շենքը գրոհելու փորձ են կատարել:

Ուկրաինայի մայրաքաղաքի այլ մասերում հավաք են անցկացրել կառավարության ջատագովները, որոնք սատարում են Եվրամիության հետ Ասոցացման և ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրելուց հրաժարվելու մասին երկրի կառավարության որոշումը:

Ուկրաինայի կառավարությունն այս շաբաթ ավելի վաղ անսպասելիորեն հայտարարել էր Եվրամիության հետ Ասոցացման և ազատ առևտրի մասին համաձայնագիրը նախապատրաստելուց հրաժարվելու մասին:

Փոխարենը, ըստ Ուկրաինայի իշխանությունների, կվերսկսվի Ռուսաստանի առաջնորդությամբ գործող Մաքսային միության անդամներ Բելառուսի, Ղազախստանի և նախկին Խորհրդային Միության այլ երկրների հետ «ակտիվ երկխոսությունը», որը նպատակ է հետապնդելու վերականգնելու առևտրային և տնտեսական հարաբերությունները:

Ուկրաինայի խորհրդարանն ավելի վաղ հրաժարվել էր ընդունել երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու մասին օրինագիծը, որը Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրելու հիմնական նախապայմաններից էր:
XS
SM
MD
LG