Քաղցկեղով հիվանդները շատ փորձությունների միջով են անցնում, սակայն կա նաև դրականը: Սա էր Տեխաս նահանգի Հյուսթըն քաղաքում անցկացված «Քաղցկեղը հաղթահարողների 23-րդ ամենամյա համաժողով»-ի ուղերձը, որը կազմակերպվել էր Անդերսընի անվան Քաղցկեղի կենտրոնում:
Կրծքի քաղցկեղի մասնագետ, բժիշկ Վինսենթե Վալերոն համաժողովին ներկայացրեց քաղցկեղի բուժման և կրկնումը կանխարգելելու վերջին նորությունները:
Վալերոյի համաձայն, այս համաժողովի ընթացքում մարդիկ ցանկանում են իմանալ, թե ինչպես կարող են օգնել իրենք իրենց և արդյոք ճիշտ բուժում են ստանում: Զուտ բժշկական փաստերից բացի բժիշկ Վալերոն շեշտեց այն գործողություններ, որոնք հիվանդները կարող են ձեռնարկել՝ բարելավելու առանց քաղցկեղի ապրելու իրենց հնարավորությունը:
Բժիշկ Վալերոն նշել է, որ քաշի ավելացումից խուսափելը և հաճախակի մարզվելն օգնում են կրծքի քաղցկեղից տուժած կանանց:
Նման առողջ և ակտիվ ապրելակերպը կարող է օգնել նաև Սինդի Հեթըուեյի նման հիվանդներին, ում քաղցկեղը տարածվել է նաև այլ օրգանների վրա: Իր կարծիքով, քաղցկեղը հնարավոր է վերահսկել և արգելափակել դրա տարածումը նույնիսկ հիվանդության չորրորդ փուլում:
Հյուսթընում անցկացվող համաժողովը ոչ միայն հիվանդներին հնարավորություն է տալիս տեղեկանալ բուժման մեջ գրանցված առաջընթացի մասին, այլև հնարավորություն է ընձեռում հիվանդներին կապ հաստատել միմյանց հետ:
Առողջապահության մասին նյութեր պատրաստող Էնդրյու Շորի մոտ 1996 թվականին լեյկեմիա էր ախտորոշվել: Շորը մասնակցել է կլինիկական մի փորձարկման, որը, իր կարծիքով, հնարավորություն է ընձեռել ապագայի դեղամիջոցն ընդունել այսօր:
«Մասնակցելով կլինիկական փորձին, ինձ հնարավորություն է ընձեռվել ընդունել դեղամիջոցներ, որոնց օգտագործումը կարող է հաստատվել տասը տարի անց», - ասել է Էնդրյու Շորը: Ըստ նրա՝ համաժողովի ընթացքում անցկացվող հանդիպումներն օգտակար են նաև նրանով, որ հնարավորություն են տալիս ստանալ խորհրդատվություն նման խնդիրների շուրջ:
«Համաժողովի ընթացքում հանդիպում եմ մարդկանց, ովքեր ախտորոշվել են նույն հիվանդությամբ, և դա ինձ ուժ է հաղորդում”, ասել է Էնդրյուն:
Թոնի Մորալեսը համաժողովի ընթացքում ներկայացրել է «Ենթաստամոքսային գեղձի դեմ պայքարի ցանց» կազմակերպությունը: Նա ասել է , որ «Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում կենդանի մնալու հավանականությունը 6 տոկոս է: Քաղցկեղի այս տեսակի դեմ պայքարի հիմնական միջոցներն են իրազեկությունը, կանխարգելումն ու լրացուցիչ ուսումնասիրությունների անցկացումը»:
Ինքը Մորալեսը քաղցկեղից չի տառապել, սակայն իր կինը մահացել է ենթաստամոքսային գեղձի, իսկ մայրը՝ կրծքի քաղցկեղից:
«Հուսով եմ, որ մայրիկիս մահից հետո նրա ներքին օրգանները բժշկական հետազոտության նպատակով նվիրաբերելու իմ որոշումը նպաստել է կրծքի քաղցկեղը վերապրելու 90 տոկոս ցուցանիշին: Կցանկանայի, որ նման արդյունք լինի նաև ենթաստամոքսային քաղցկեղի դեպքում», - ասել է Մորալեսը:
Ուսումնասիրությունների միջոցով հայտնաբերվել են քաղցկեղի այլ տեսակների բուժման առավել լավ եղանակներ, որոնցից շատերը, ըստ ճառագայթաբանության փորձագետ, բժիշկ Ջեյմս Քոքսի, այժմ բուժելի են:
Բժիշկ Քոքսի խոսքերով, այժմ ավելի շատ տեղեկություններ կան այն մասին, թե ինչ սնունդ ընդունել և ինչ ձեռնարկել, օրինակ՝ թողնել ծխելը, կրճատել ալկոհոլի օգտագործումը և ավելացնել ֆիզիկական վարժություններին տրամադրվող ժամանակը՝ քաղցկեղ ձեռք բերելու հավանականությունը նվազեցնելու համար: