Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պայքար է մղում ահաբեկչության ֆինանսավորման դեմ


ԱՄՆ-ի ֆինանսների նախարարություն
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարություն

2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո Միացյալ Նահանգները մղում են ահաբեկչության դեմ բանկային հաշիվների միջոցով վարվող պայքար:

Հանցագործության դեմ պայքար վարողները գիտեն, որ հանցագործին գտնելու եղանակներից մեկը նրա անձնական ֆինանսական միջոցներին հետևելն է:

Նյու Յորքի և Վաշինգտոնի վրա հարձակումները վերաիմաստավորեցին հանցագործի հասկացողությունը և պայքարի նոր եղանակներ ստեղծեցին՝ օգտագործելով հսկողության տեսախցիկներն ու համակարգչային տվյալները:

Վաշիգտոն ինստիտուտում ահաբեկչության դեմ պայքարի և հետախուզության ծրագրի տնօրեն Մեթյու Լևիթի համաձայն, «պարզվում է՝ միջազգային սպառնալիքների ֆինանսավորման դեմ պայքարելը արդյունավետ միջոց է` ահաբեկիչների գործողությունները կանխելու համար»:

Սեպտեմբերի 11-ից հետո պարզ էր, որ ահաբեկիչներին գաղափարներից բացի այլ միջոցներ են հարկավոր: Ամերիկյան հետախուզությունը սկսեց պայքարել տվյալների միջոցով՝ հետևելով ճամփորդելու վարքագծին, էլեկտրոնային հաղորդակցությանը և դրամական հոսքերին:

«Գումարների փոխանցումը ուշագրավ երևույթ է: Դա նշանակում է, որ դրամ ստացողներն ավլեի կարևոր գործողությունների նախապատրաստման գործում միջնորդ են: Հետևաբար, այս փոխանցումներին և ֆինանսական խողովակներին հետևելով՝ հնարավոր է պարզել, թե գումարները որտեղից են գալիս և ուր են գնում» - ասում է Լևիթը:

Այդ նպատակով Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունում նոր բաժին է ստեղծվել: Արտաքին հարաբերությունների խորհրդից Սթյուարտ Լիվին նախկինում գլխավորել է Ահաբեկչության և ֆինանսների հետախուզության վարչության նախկին պետ Սթյուարտ Լիվինի համաձայն, «սա առաջին և միակ ֆինանսների նախարարությունն է աշխարհում, որն ունի հետախուզական գործունեությամբ զբաղվող մի ամբողջ բաժին: Դա կարևոր է և նշանակում է, որ ֆինանսական հետախուզությունը բավական հուսալի է»:

Գործակալությունը պարզել է, որ սեպտեմբերի ահաբեկչությունն իրականացնելուն ուղղված մոտ 500 հազար դոլար կազմող գումարը Միացյալ Նահանգներում ահաբեկիչներին է փոխանցվել եվրոպական և Մերձավոր Արևելքի բանկերի միջոցով: Տեղեկատվությունը մասամբ ստացվել է Բրյուսելից՝ Միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցման համաշխարհային միությունից։

Լիվիի համաձայն, նման տեղեկություններ պարունակող տվյալների շտեմարանը ձեռք է բերվել դատական ճանապարհով՝ մասնավոր հատվածի կառույցներից:

Օգտագործելով տվյալների այս շտեմարանը՝ Միացյալ Նահանգների կառավարությունը կարգադրել էր սառեցնել ահաբեկիչների հետ կապ ունեցող խմբավորումների և անհատների ակտիվները: Դրա շնորհիվ նաև հաջողվել է հայտնաբերել «ալ Քայիդա»-ի այլ գործակալների, այդ թվում՝ «Համբալի» անունով մի անձի, ով հեղինակել է 2002 թվականին Բալի կղզում իրականացված ռմբակոծությունը:

Սակայն ֆինանսական տեղեկատվությունը հետևելու կառավարության հնարավորությունը մտահոգություններ է առաջացրել անձի գաղտնիության և նման տեղեկությունների շահագործման հնարավորության շուրջ:

«Մարդիկ կարծում են՝ մենք հավաքում ենք տեղեկատվությունը և դրան մոտենում ինչպես ցանկանանք: Իրականում շատ խիստ հսկողություն է սահմանված», - ասում է Լիվին:

Ահաբեկչության դեմ պայքարում ամենամեծ բեկումնային պահը այս տարվա մայիսին Միացյալ Նահանգների հատուկ ուժերի ծառայողների կողմից Պակիստանում Օսամա բին Լադենի սպանության իրականացումն էր: Ըստ ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց, գրոհի ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ «ալ-Քայիդա»-ն լուրջ ֆինանսական դժվարություններ է ապրում:

«Օսամա բին Լադենը խարիզմատիկ անձնավորություն էր, և նրա դերը կարևոր էր ահաբեկչական գործողությունների համար ֆինանսական միջոցների ներգրավման, ահաբեկիչների վերապատրաստման, ինչպես նաև կազմակերպության միասնականության համար, ուստի նրա ոչնչացումը հսկայական ձեռքբերում էր և զարգացում «ալ-Քայիդա»-ի դեմ պայքարում: Սակայն բին Լադենի ոչնչացումը չի վերացրել սպառնալիքը», - ասում է Լիվին:

Ահաբեկչական խմբավորումները շարունակ հարմարվում են նոր իրավիճակներին: Որոշ խմբավորումներ գործողությունների ֆինանսավորման համար դիմում են թմրադեղերի առևտրի կամ առևանգման նման քրեական գործողությունների: Գումարի պակասի դեպքում անցնում են ավելի փոքրածավալ, ավելի էժան գրոհների: Անկախ գրոհների ծավալներից՝ Մետ Լևիթը կարծում է, որ ֆինանսական միջոցների հոսքերին հետևելն արդարացված է:

«Ճիշտ է, որ ցանկացած հարձակում համեմատաբար թանկ չէ, սակայն սխալ է ենթադրել, որ եթե ահաբեկչական հարձակումները թանկ չեն, դրամական հոսքերին հետևելն արդյունավետ չէ: Ճիշտ հակառակը՝ եթե 5 հազար դոլարի կարիք ունեն, ապա դա կարևոր տվյալ է մեզ համար», -ասում է Լևիթը։

Սակայն դա չի նշանակում, որ ահաբեկչական հարձակումները կդադարեն: Ըստ փորձագետների՝ բազմակողմանի մոտեցումը՝ դրամական հոսքերի դադարեցման և միաժամանակ անխտիր սպանելու գաղափարախոսության դեմ պայքար, շարունակական զգոնություն, նվիրում և համաշխարհային համագործակցություն է պահանջում:

XS
SM
MD
LG