Մատչելի հղումներ

Թուրքիայի և Սիրիայում գործող իսլամիստների միջև աճում է լարվածությունը


Փորձագետները զգուշացնում են, որ Էրդողանը թանկ կարող է վճարել Սիրիայի նկատմամբ վարվող իր քաղաքականության համար

Անկարայի և Սիրիայում գործող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղականների կազմակերպության միջև շարունակում է աճել լարվածությունը:

Թուրքիայի բանակը վերջերս հարձակումներ է իրականացրել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորմանը պատկանող շարասյան ուղղությամբ, ինչին ի պատասխան ծայրահեղականների թիրախն էին դարձել Սիրիայում գործող զինյալների խմբերի ազգությամբ թուրքմեն մի քանի հրամանատար:

Թուրքիայի լրատվամիջոցները տեղեկացրել են, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել այս շաբաթ Սիրիայում ազգությամբ թուրքմեն չորս հրամանատարի սպանության համար: Սիրիայում գործող թուրքմենները վայելում են Անկարայի աջակցությունը և ծանր մարտեր են վարում՝ ուղղված խմբավորման դեմ:

Փորձագետների համաձայն, Անկարան մտահոգված է Սիրիայի հետ սահմանի երկայնքով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ազդեցության ավելացմամբ, ինչպես նաև վերջինիս կողմից Սիրիայի հակակառավարական այլ խմբավորումների դեմ վարվող պայքարով:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ ամիս Իրան կատարված այցելության ընթացքում դատապարտել էր Սիրիայում իրականացվող ահաբեկչական հարձակումները: Էրդողանի մեկնաբանությունները շատերի կողմից մեկնաբանվել են որպես «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության ծայրահեղականների դեմ ուղղված:

Թուրքիայում հասարակական կարծիքի անցկացված հարցումների արդյունքները վկայում են այն մասին, որ վարչապետ Էրդողանի կողմից Սիրիայի ընդդիմությանը լայնածավալ աջակցություն տրամադրելու քաղաքականությունը չի վայելում նույնիսկ վարչապետի կողմնակիցների աջակցությունը:

Թուրքիան մուտք է գործում ընտրությունների 18-ամյա ժամանակաշրջան, որը սկսվելու է գալիք ամիս մեկնարկող տեղական ինքնակառավարման մարմինների կարևոր ընտրություններից: Երկրում իրավիճակին հետևող փորձագետները զգուշացնում են, որ Էրդողանը թանկ կարող է վճարել Սիրիայի նկատմամբ վարվող իր քաղաքականության համար:
XS
SM
MD
LG