Մատչելի հղումներ

Բաղդադում մեկնարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները


Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մեկնարկել են միջուկային հարցերով Իրանի բանագնացների և «P5+1» պետությունների՝ Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Գերմանիայի ներկայացուցիչների միջև բանակցությունները:

Բանակցությունների ընթացքում քննարկվող առարկան է Իրանի կողմից բարձր հարստացված ուրանի արտադրությունն է, որը, ըստ Արևմուտքի պետությունների, կարող է հանգեցնել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման: Իրանը պնդում է սակայն, որ միջուկային ծրագիրը մշակվում է լոկ խաղաղ նպատակներով:

Բանակցություններն անցկացվում են Բաղդադի լավ պաշտպանված Կանաչ գոտում: Այս տարվա ապրիլ ամսին ավելի քան մեկ տարի տևած դադարից հետո Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման ժամանակից սա արդեն երկրորդ հանդիպումն է այս երկրի ներկայացուցիչների հետ:

Սպասվում է, որ բանակցությունների ընթացքում առաջընթաց կգրանցվի, սակայն դիվանագետները չեն բացառում, որ հանդիպումների անցկացման համար պահանջվի ժամանակացույցով չնախատեսված ևս մեկ օր:

Իրանի բանագնացների ղեկավար Սաիդ Ջալիլը հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքում «նոր ժամանակաշրջան» կսկսվի:

Արևմուտքի պետություններն ու Իսրայելը սակայն մտահոգություններ ունեն, որ Իրանը պարզապես օգտագործում է ժամանակ ձգձգելու մարտավարություն:

XS
SM
MD
LG