Տաջիկստանում անվտանգության ուժերը որոնում են մահմեդական այն զինյալներին, որոնք մեղադրվում են ռազմական մի պահակախմբի վրա կատարված հարձակման արդյունքում 23 զինվորի սպանության մեջ:
Հարձակումը տեղի է ունեցել կիրակի օրը, երբ ռազմական մեքենաներն անցնում էին Աֆղանստանի սահմանից 75 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռաշտ դաշտավայրով:
Կասկածյալներին որոնում են երկրի մայրաքաղաք Դուշանբեից 250 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լեռնային տարածքում: Այդ տարածքը հայտնի է որպես մահմեդական զինյալների ապաստարան:
Տաջիկստանի պաշտպանության նախարարության համաձայն, հարձակումն իրականացվել է մահմեդական ծայրահեղական հրամանատար Մուլլո Աբդուլլոյի և հակակառավարական ուժերի առաջնորդ Ալովուդին Դավլաթովի հրամանատարությամբ, որոնցից երկուսն էլ 1992-ից 1997 թվականները պատերազմում էին Տաջիկստանի կառավարության դեմ: Պատերազմից հետո Աբդուլլոն փախել է Աֆղանստան, սակայն ասում են, որ անցած տարի նա վերադարել է Տաջիկստան:
Երկրի պաշտպանության նախարարության խոսնակը «ահաբեկչական» է անվանել կիրակի օրն իրականացված այդ հարձակումը: Նրա խոսքերով, հարձակմանը մասնակցել են Աֆղանստանի, Պակիստանի և Չեչնիայի զինյալները:
Տաջիկստանի իշխանությունների համաձայն, թալիբների և Ալ-Քաիդայի զինյալները փորձում էին ներխուժել երկիր Աֆղանստանի հյուսիսային հատվածից` որոնելով ՆԱՏՕ-ի զորքերի կողմից իրականացվող գործողություններից պաշտպանվելու ապաստան: Աֆղանստանի հետ սահմանին մի քանի ժամ տևած փոխհրաձգության արդյունքում այս ամսվա սկզբին ոչնչացվել է թալիբների հետ կապեր ունեցող առնվազն 20 զինյալ: