Մատչելի հղումներ

«Տայվանչիկ»-ին մեղադրում են ԱՄՆ-ում փողերի լվացման մեջ


Նյու Յորքի դատախազության կարծիքով, նա գլխավորում էր ԽՍՍՀ-ից ներգաղթանակններից բաղկացած հանցախումբը

Միացյալ Նահանգների իշխանությունները «Տայվանչիկ» մականունով հայտնի ռուսաստանցի հանցագործ Ալիմժան Թոխթախունովին մեղադրում են փողերի լվացման, շորթման և խաղային անօրինական բիզնեսի կազմակերպման մեջ: Այս մեղադրանքներով հարուցած գործի շրջանակներում Նյու Յորք, Լոս Անջելես և Մայամի քաղաքներում ձերբակալվել է արդեն 27 կասկածյալ:

Թոխթախունովի գործի հետաքննությունն իրականացնող Նյու Յորքի դատախազության համաձայն, նա եղել է հիմնականում ԽՍՍՀ-ից ներգաղթականներից բաղկացած հանցավոր խմբավորման առաջնորդը և գլխավորել էր խաղային բիզնեսը, որը գործում էր ոչ միայն նախկին խորհրդային երկրներում, այլև այլ պետություններում: Նա և իր խմբավորման անդամները, ըստ դատախազության, գումարներ էին շորթում այն անձանցից, ովքեր մոլեխաղերին մասնակցելու արդյունքում գումար էին պարտք մնացել՝ սպառնալով վերջինների նկատմամբ կիրառել ֆիզիկական ճնշման միջոցներ:

Հետաքննությունն իրականացնողների համաձայն, հանցավոր գործողությունների արդյունքում ստացված գումարների «լվացումն» իրականցվում էր կեղծ ընկերությունների և Կիպրոսի բանկերում բացված կեղծ հաշիվների միջոցով, որից հետո գումարներն ուղարկվում էին Միացյալ Նահանգներ:

Բացի Թոխթախունովից, քննչական մարմիններն ուշադրություն են դարձրել նաև Նյու Յորքի ճանաչված ցուցասրահների սեփականատեր Հելի Նահմադի գործունեությանը: Նահմադը մեղադվում է ԱՄՆ-ում ընդհատակյա պոկերային խաղերի կազմակերպման մեջ, որոնց մասնակցում էին ճանաչված մարդիկ և ֆինանսների ոլորտում գործող անձինք:

Ալիմժան Թոխթախունովը Ռուսաստանում որոնվող ամենաճանաչված հանցագործներից է: Վերջինս 2002 թվականին մասնակցություն է ունեցել ամերիկյան Սոլթ Լեյք Սիթի քաղաքում անցկացված ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում գեղասահքի մրցումների մրցավարների կաշառման գործում: Նա 2003 թվականին ձերբակալվել էր Իտալիայում. այս երկրի իշխանություններն այնուամենայնիվ չէին փոխանցել Թոխթախունովին Միացյալ Նահանգների իշխանություններին և շուտով ազատ էին արձակել նրան:
XS
SM
MD
LG