Մատչելի հղումներ

Սիրիայում պատերազմող կողմերը շարունակում են բանակցությունները


ՄԱԿ-ի հանձնակատար Բրահիմիի համաձայն, երկու կողմերը հանդիպումը շարունակելու պատրաստակամություն են հայտնել՝ չնայած նրանց միջև պահպանվող խորը տարաձայնությունների

Ժնում հինգշաբթի օրը շարունակվել են ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմիի միջնորդությամբ անցկացվող բանակցությունները Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև:

Հանձնակատար Բրահիմիի համաձայն, երկու կողմերը հանդիպումը շարունակելու պատրաստակամություն են հայտնել՝ չնայած նրանց միջև պահպանվող խորը տարաձայնությունների:

Նա ավելի վաղ ասել էր, թե «չի ակնկալում, որ մինչև ուրբաթ օրը գրանցվի զգալի որևէ առաջընթաց», սակայն միաժամանակ հույս է հայտնել, որ բանակցությունների հաջորդ փուլն ավելի արդյունավետ է լինելու:

Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը Ժնևում անցկացվող խաղաղության բանակցությունների ընթացքում նախօրեին համաձայնության էին եկել բանակցությունների հիմքի շուրջ՝ նշելով, որ որպես այդպիսին կօգտագործվի 2012 թվական հունիսին ընդունված «Ժնևյան կոմյունիկեն»:

«Ժնևյան կոմյունիկեն» կոչ է անում իրականացնել մի շարք միջոցառումներ՝ ուղղված Սիրիայում հակամարտության դադարեցման, այդ թվում՝ ժամանակավոր կառավարության ստեղծմանը:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբները բանակցությունները ցանկանում են կենտրոնացնել երկրում ժամանակավոր կառավարության ստեղծման վրա, մինչդեռ կառավարությունը նախատեսում է այս հարցը քննարկել բանակցությունների վերջում և շեշտում, որ առաջնահերթություն է տալիս երկրում «ահաբեկչության» դադարեցման հարցին:

Ապստամբները, բացի այդ, պնդում են, որ Սիրիայի նախագահ Ասադը պետք է հրաժարական ներկայացնի, մինչդեռ, Սիրիայի կառավարության կարծիքով, երկրի նախագահի դերը չպետք է քննարկման դրվի խաղաղության համաժողովի ընթացքում:
XS
SM
MD
LG