Մատչելի հղումներ

«Ապստամբները վերահսկողություն են հաստատել ռազմավարական նշանակություն ունեցող հյուսիսային քաղաքի նկատմամբ»


Սարաքեբ քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելը խոցելի է դարձնում Հալեպում կառավարական ուժերին պաշարներ մատակարարող շարասյունները

«Սիրիայի ընդդիմության ուժերը վերահսկողություն են հաստատել ռազմավարական նշանակություն ունեցող մի քաղաքի նկատմամբ, որը կարևոր դեր ուներ կառավարական ուժերի կողմից Հալեպում գտնվող ապստամբների դեմ ուղղված գործողությունների իրականացման համար»:

Այս մասին ուրբաթ օրը հայտնել է «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը՝ նշելով, որ նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերը լքել են Սարաքեբ քաղաքը: Այս քաղաքում է գտնվում Հալեպից դեպի Դամասկոս և Միջերկրական ծովի երկայնքով անցնող մայրուղիների միացման կետը:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ»-ի համաձայն, ապստամբների ուժերն այժմ վերահսկում են քաղաքն ու արվարձանները՝ 25 կիլոմետր շառավղով: Սարաքեբ քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելը, ըստ կազմակերպության, ավելի խոցելի է դարձնում Հալեպում կառավարական ուժերին պաշարներ մատակարարող շարասյունները:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Սիրիայի ապստամբները հարձակում էին գործել կառավարական ուժերի երեք անցակետի ուղղությամբ, որի հետևանքով սպանվել է 28 զինծառայող:

Համացանցում այս հարձակման վերաբերյալ տեղադրված տեսանյութում ցուցադրված է, որ զինծառայողներից շատերի սպանությունն իրականացվել է մահապատժի եղանակով: Տեսանյութը, որն անհնար է ենթարկել անկախ փորձաքննության, առաջացրել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բողոքը:

Սիրիայի կառավարությունը և պետական լրատվամիջոցները դեռևս որևէ արձագանք չեն ներկայացրել այս տեղեկատվության կապակցությամբ:
XS
SM
MD
LG