Մատչելի հղումներ

Սիրիայի բանակը վերագրավել է Գոլանի բարձունքներում գտնվող սահմանային անցումը


Հազվադեպ օգտագործվող անցումը միակն է Սիրիայի և Իսրայելի կողմից վերահսկվող տարածքների միջև և գտնվում է ՄԱԿ-ի խաղաղապահների կողմից վերահսկվող ապառազմականացված գոտում

Սիրիայի կառավարական ստորաբաժանումները վերագրավել են Գոլանի բարձունքներում գտնվող Իսրայելի և Սիրիայի միջև ապառազմականացված գոտու մոտակայքում գտնվող սահմանային անցումը, որտեղ պահակային ծառայություն են անցնում ՄԱԿ-ի խաղաղապահները:

Իսրայելի անվտանգության ուժերը հայտնել են, թե սահմանային անցումը Սիրիայի ապստամբների կողմից գրավելուց մի քանի ժամ անց վերագրավվել է այս երկրի կառավարական ստորաբաժանումների կողմից:

Հազվադեպ օգտագործվող անցումը միակն է Սիրիայի և Իսրայելի կողմից վերահսկվող տարածքների միջև և գտնվում է ՄԱԿ-ի խաղաղապահների կողմից վերահսկվող ապառազմականացված գոտում:

Ականատեսների համաձայն, սահմանի սիրիական կողմում տեղի էին ունեցել ծանր մարտեր, որոնց հետևանքով մեծ վնաս է հասցվել այնտեղ գտնվող շինություններին:

Բախումների շարունակման պատճառով ՄԱԿ-ի Գոլանյան առաքելությունից իր զինծառայողների դուրսբերման մասին է հայտնել Ավստրիան: 1000 զինծառայող ունեցող ՄԱԿ-ի ապառազմականացման դիտորդական առաքելության կազմում ծառայություն է անցնում Ավստրիայի 380 զինծառայող:

Իսրայելն ափսոսանք է հայտնել Ավստրիայի որոշման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այս քայլը չի նպաստի Սիրիայի սահմանամերձ շրջանում հակամարտության սրման:

ՄԱԿ-ի խոսնակն իր հերթին ասել է, որ Գոլանի բարձունքներում ՄԱԿ-ի առաքելությունից Ավստրիայի զինծառայողների դուրսբերումը լուրջ ազդեցություն կունենա առաքելության հնարավորությունների վրա: Նրա համաձայն, Ավստրիայի հետ այժմ քննարկվում է դուրսբերման ժամանակացույցը:
XS
SM
MD
LG