Մատչելի հղումներ

«Լեռնային Ղարաբաղում սիրիահայերի վերաբնակեցումն ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում». «Բլումբերգ»


Ադրբեջանը սպառնացել է ռազմական գործողությունների դիմել՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից սիրիահայերի վերաբնակեցման իրականացման պատճառով

Հայաստան սիրիահայ փախստականների ժամանմանն ու վերաբնակեցմանն անդրադարձել է ամերիկյան «Բլումբերգ» գործակալությունը, որի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածի համաձայն Հայաստան է ժամանել քաղաքացիական պատերազմից փրկվող մոտ 10 հազար սիրիահայ, որոնք վերաբնակեցվում են Լեռնային Ղարաբաղում:

«Չնայած Հայաստանում Սիրիայից ժամանած փախստականների թիվը կազմում է Թուրքիա, Իրաք և Հորդանան ժամանած մոտ երկու միլիոն փախստականների ընդամենը փոքր մասը, սակայն նրանց ժամանումը սպառնում է սաստկացնել լարվածությունը էներգետիկական ռեսուրսներով հարուստ Հարավային Կովկասի տարածաշրջանում», - գրում է «Բլումբերգ» գործակալության հրապարակված հոդվածի հեղինակ Սառա Խոջոյանը:

Հեղինակը նշվում է, որ Խորհրդային Միության փլուզման արդյունքում ձևավորված պետություններից նավթի ամենախոշոր երրորդ արդյունահանող Ադրբեջանը սպառնացել է ռազմական գործողությունների դիմել՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից սիրիահայերի վերաբնակեցման իրականացման պատճառով: Ըստ Ադրբեջանի իշխանությունների, Լեռնային Ղարաբաղում սիրիահայերի վերաբնակեցումն անօրինական է:

Հոդվածում նշվում է, որ սիրիահայ վերաբնակեցվող ընտանիքներին տրամադրվում է օժանդակություն, այդ թվում՝ հարկային արտոնություններ:

«Մենք չենք կարող անտեսել նրանց: Չնայած այն հանգամանքի, որ մենք նույնպես տնտեսական դժվարություններ ենք ապրում, սակայն փորձում ենք մեղմացնել իրենց խնդիրները և որոշ հնարավորություններ տրամադրել», - հոդվածում մեջ է բերվում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի նախագահի խոսքերը, որի համաձայն սիրիահայերի վերաբնակեցման ծրագիր դեռևս չի մշակվել:

Հոդվածի հեղինակի վկայությամբ, Հայաստան ժամանող սիրիահայերին տրամադրվում է նաև իրավական անվճար խորհրդատվություն, որի շնորհիվ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել մոտ 4 հազար սիրիահայի:

«Բլումբերգ» գործակալության հոդվածը, բացի այդ, հիշեցնում է, որ Հայաստանի իշխանությունները դիմել են ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի գործարարներին՝ Արագածոտնի մարզի Աշխատակ քաղաքի մոտակայքում սիրիահայ 150 ընտանիքի համար նախատեսված «Նոր Հալեպ» բնակելի թաղամաս կառուցելու նպատակով 10 միլիոն դոլար հատկացնելու խնդրանքով:

«Սիրիահայերին տրվել են մուտքի անվճար արտոնագրեր, հարկային արտոնություններ, տրամադրվել է անվճար կրթություն: Ի տարբերություն, պետությունը շատ քիչ է օգնել իրաքահայ փախստականներին, որոնք Հայաստան էին ժամանել 2003 թվականին՝ իրաքյան պատերազմի ժամանակ», - ասել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որի խոսքը եզրափակում է «Բլումբերգ» գործակալության կայքում հրապարակված հեղինակ Սառա Խոջոյանի հոդվածը:
XS
SM
MD
LG