Մատչելի հղումներ

Սիրիահայերը մտավախություն ունեն երկրում «Մահմեդական եղբայրության» կառավարման հաստատման մասին


«Սիրայում «Մահմեդական եղբայրության» իշխանությունը հաստատվելու դեպքում բոլոր քրիստոնյաները ստիպված կլինեն լքել երկիրը»

«Սիրիայում չդադարող բռնությունների պատճառով Հայաստան ժամանած սիրիահայերին մտահոգում է այն հանգամանքը, որ նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի անկման դեպքում երկրում իշխանությունն իր ձեռքը կվերցնի «Մահմեդական եղբայրություն»-ը»:

Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, որը սիրիահայերին նվիրված իր հոդվածում մեջ է բերում Հայաստան ժամանած սիրիահայերից մեկի խոսքը, որի համաձայն Սիրայում «Մահմեդական եղբայրության» իշխանությունը հաստատվելու դեպքում բոլոր քրիստոնյաները ստիպված կլինեն լքել երկիրը:

«Սիրիայի ապստամբները վանկարկում են «Ալևիներին՝ դագաղ, հայերին՝ Բեյրութ» կարգախոսները», - «Հուրիեթ»-ի թղթակից Վերժիհան Զիֆլիօղլուի հետ ունեցած զրույցում նշել է Սիրիայից Հայաստան ժամանած անձանցից մեկը՝ հավելելով. «Քրիստոնյա բնակչության դեմ այժմ հարձակումներ չեն իրականացվում, սակայն նրանց [«Մահմեդկան եղբայրության] իշխանության գլուխ անցնելն աղետալի հետևանքներ կունենա: Այս դեպքում քրիստոնյա բոլոր համայնքները, ներառյալ հայերին, ստիպված կլինեն հեռանալ Սիրիայից»:

Պարբերականի լրագրողի զրուցակիցը նշել է նաև, որ վտանգի տակ կլինեն ոչ միայն քրիստոնյաներն, այլ նաև ալևիները: «Սունիների և ալևիների միջև հակամարտությունն անխուսափելի է: Թուրքիան սատարում է Ասադի անկումը, սակայն միաժամանակ չի ցանկանում քրդական անկախ պետության ստեղծումը: Հայ համայնքը չի ցանկանում, որ Սիրիան մասնատվի»:

«Չնայած սիրիահայերի դեմ կանգնած երկընտրանքի, Հայաստանի սփյուռքի նախարարությունը Սիրիայից փախուստի դիմողների վերաբերյալ դեռևս հստակ քաղաքականություն չի մշակել և չի հայտնել որևէ պաշտոնական տվյալ Սիրիայից երկիր ժամանածների մասին»՝ գրում է «Հուրիեթ»-ի հեղինակը՝ նշելով, որ սիրիահայերն այնուամենայնիվ բնակության թույլտվություն ստանալու հետ խնդիր չեն ունեցել:
XS
SM
MD
LG