Մատչելի հղումներ

Սիրիան խոստացել է «անակնկալ» պատասխան Արևմուտքի հարվածներին


Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մոալեմ, Դամասկոս, 27 օգոստոսի 2013թ.
Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մոալեմ, Դամասկոս, 27 օգոստոսի 2013թ.

Ռուսաստանի փոխվարչապետը մեղադրել է Արևմուտքի տերություններին մահմեդական աշխարհում «նռնակ բռնած կապիկի պահվածք» դրսևորելու մեջ

Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մոալեմը խոստացել է, որ իր երկիրը պատասխան հարված կհասցնի Արևմուտքի ռազմական ցանկացած հարձակման դեպքում՝ կիրառելով պաշտպանական «անակնկալ» միջոցներ:

Արտգործնախարար ալ-Մոալեմը ասել է, որ Սիրիայի կառավարությունը «լսում է պատերազմի թմբուկները»՝ հավելելով, որ Արևմուտքն օգտագործում է քիմիական զենքի կիրառման մասին մեղադրանքները որպես պատճառ հարձակում իրականացնելու համար:

Նա կրկին հերքել է Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի կիրառման մեղադրանքները՝ պնդելով, որ Միացյալ Նահանգներն ու նրա եվրոպական դաշնակիցները մեղադրանքներին պետք է նախ ապացույցներ ներկայացնեն:

Սակայն ոչ միայն Արևմուտքի պետություններն են մեղադրում Սիրիայի իշխանություններին քիմիական զենքի կիրառման մեջ: Կահիրեում Արաբական պետությունների լիգայի անցկացված հանդիպման մասնակիցները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը նման հարձակում իրականացնելու մեջ և պահանջել, որ դրա համար պատասխանատու անձինք կանգնեն դատարանի առջև:

Մեծ Բրիտանիայի վարչապետը կարգադրել է երկրի խորհրդարանին վերադառնալ ամառային ընդմիջումից հինգշաբթի օրը: Նրա համաձայն, Սիրիայի իշխանությունների դեմ ուղղված որևէ գործողություն քիմիական զենքի կիրառման արձագանքը կդառնա, որով չի նախատեսում ներգրավել Արևմուտքը Սիրիայում չդադարող հակամարտության մեջ:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է, թե իր երկիրը պատրաստ է պատժել նրանց, ովքեր ընդունել են անմեղ մարդկանց թունավոր գազերի ազդեցությանը ենթարկելու «չարամիտ» որոշումը: Օլանդը խոստացել է նաև, որ Ֆրանսիան կավելացնի Սիրիայի ընդդիմադիր հիմնական խմբավորման տրամադրվող ռազմական օժանդակությունը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր հերթին զգուշացրել է «հուժկու արձագանք» տալ այն դեպքում, եթե Սիրիայի կառավարությունն Իսրայելի ուղղությամբ հարձակում իրականացնելու որևէ փորձ կատարի:

Չինաստանի պետական մամուլում հրապարակումը սակայն զգուշացնում է ռազմական գործողությունների մասին որոշման հապճեպ կայացման վտանգի մասին: Հրապարակման համաձայն, աշխարհը պետք է հիշի 2003 թվականին ԱՄՆ-ի առաջնորդությամբ Իրաք իրականացված ներխուժումը, որի համար պատճառ է հանդիսացել Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնի տրամադրության տակ իբր եղած քիմիական զենքը, որն այդպես էլ չէր հայտնաբերվել:

Սիրիայի հիմնական դաշնակից Ռուսաստանը նույնպես զգուշացրել է Արևմուտքին ռազմական միջամտության անթույլատրելիության մասին: Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը երեքշաբթի օրը մեղադրել է Արևմուտքի տերություններին մահմեդական աշխարհում «նռնակ բռնած կապիկի պահվածք» դրսևորելու մեջ:
XS
SM
MD
LG