Մատչելի հղումներ

Սիրիայի ապստամբները Հալեպում հարձակում են գործել անվտանգության ուժերի հենակետերի վրա


Հալեպում իրականացված գրոհներից մեկի ժամանակ զոհվել են կառավարական ուժերի բազմաթիվ ծառայողներ

Սիրիայի ապստամբները հայտնել են Հալեպում անվտանգության ուժերի մի քանի հենակետի ուղղությամբ կատարված հարձակումների մասին:

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունն ուրբաթ օրը հայտնել է, որ Հալեպում իրականացված գրոհներից մեկի ժամանակ զոհվել են կառավարական ուժերի բազմաթիվ ծառայողներ, սակայն հստակ թվերի մասին որևէ տվյալ չի ներկայացրել:

Կազմակերպությունը հայտնել է նաև, որ կառավարական ուժերն ու ապստամբները մարտեր են վարել մայրաքաղաք Դամասկոսի հյուսիսային շրջանում, ինչպես նաև Իրաքի սահմանի մոտակայքում գտնվող Ալբու Քամալ բնակավայրում:

Սիրիայի հարևան պետությունները հինգշաբթի օրը դիմել են Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին՝ խնդրելով անհապաղ օգնություն տրամադրել իրենց՝ մարդասիրական գնալով խորացող ճգնաժամին դիմակայելու նպատակով:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտնել է, թե իր կառավարությունը փախստականների 11 ճամբար կառուցելու համար արդեն իսկ ծախսել է ավելի քան 300 միլիոն դոլար: Նրա համաձայն, Թուրքիան ընդունել է Սիրիայի 80 հազար բնակիչ և ինքնուրույն կարող է օգնություն տրամադրել միայն լրացուցիչ 20 հազար փախստականի:

Արտգործնախարար Դավութօղլուն նաև ներկայացրել է տվյալներ, որոնց համաձայն Սիրիայում ներքին տեղահանված անձանց թիվը կազմում է մոտ 2 միլիոն մարդ, և կոչ է արել միջազգային մարմնին ստեղծել բուֆերային գոտի՝ բռնություններից ապաստան որոնող մարդկանց պաշտպանությունն ապահովելու նպատակով:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին օգնություն տրամադրելու խնդրանքով դիմել է նաև Հորդանանի արտգործնախարար Նասեր Ջուդեհը՝ ասելով, որ երկրի սահմանափակ ռեսուրսները հնարավորություն չեն տալիս պատշաճ կերպով հոգալ Սիրիայից ժամանած ավելի քան 70 հազար փախստականի կարիքները:
XS
SM
MD
LG