Մատչելի հղումներ

Սիրիայում հակամարտությունը շարունակվում է՝ չնայած կրոնական տոնի


«Բժիշկներ առանց սահմանների» մարդասիրական կազմակերպության գործադիր տնօրենը զգուշացրել է, որ գալիք մի քանի շաբաթվա ընթացքում Սիրիայում սովի ծավալները կհասնեն «ապշեցուցիչ մակարդակի»

Մահմեդական ամենակարևոր տոներից մեկի՝ «Էյդ ալ-Ադհա»-ի առաջին օրը Սիրիայի կառավարական օդուժը երեքշաբթի օրը ռմբակոծել է ապստամբների կողմից վերահսկվող տարածքները, իսկ ապստամբներն իրենց հերթին նռնականետներից կրակ են բացել Դամասկոսում:

Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալության համաձայն, ապստամբների կողմից բացված կրակի հետևանքով արկերից մեկը խոցել է Դամասկոսի ալ-Քանավաթ թաղամասում գտնվող բնակելի մի շենք՝ վնասվածքներ պատճառելով շենքի բնակիչներին:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունն իր հերթին հայտնել է, որ կառավարական ռազմական օդանավերը խոցել են հյուսիսային Համա նահանգի Լաթամնեհ գյուղում գտնվող մի քանի թիրախ, ինչի հետևանքով զոհվել է երեք երեխա: Կառավարական օդուժը, ըստ կազմակերպության, հարվածներ է հասցրել նաև Դամասկոսի Արևելյան Ղութա և հարավային Դերաա քաղաքում գտնվող թիրախների ուղղությամբ:

«Էյդ ալ-Ադհա» մահմեդական տոնի ընթացքում հակամարտության շարունակությունը վկայում է այն մասին, թե որքան է սաստկացել Սիրիայում երկու կողմերի միջև վարվող քաղաքացիական պատերազմը: Նախկինում կրոնական տոների ժամանակ պատերազմող կողմերը պարբերաբար փորձում էին գալ հրադադարի մասին համաձայնության:

Այս ընթացքում «Բժիշկներ առանց սահմանների» մարդասիրական կազմակերպության գործադիր տնօրեն Բարտ Յանսենը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրի՝ ապահովելու մարդասիրական կազմակերպությունների խիստ անհրաժեշտ մուտքը Սիրիա:

Յանսենը զգուշացրել է, որ գալիք մի քանի շաբաթվա ընթացքում Սիրիայում սովի ծավալները կհասնեն «ապշեցուցիչ մակարդակի» և կդառնա սննդից զրկված բազմաթիվ մարդկանց մահվան պատճառը:
XS
SM
MD
LG