Մատչելի հղումներ

«Սիրիան արագ քայքայվում է»


Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գծով քննիչների համաձայն, ինչպես կառավարական ստորաբաժանումները, այնպես էլ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբները պատերազմի հանցագործություններ են գործել

Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գծով քննիչների համաձայն, Սիրիան արագ քայքայվում է, և ինչպես կառավարական ստորաբաժանումները, այնպես էլ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբները պատերազմի հանցագործություններ են գործել:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին ներկայացված իրենց վերջին զեկույցում քննիչները նշել են, որ անցյալ տարվա հուլիս ամսից Սիրիայում չդադարող հակամարտությունը սաստկացել է, և այն այժմ ավելի կրոնական, ծայրահեղական և ռազմականացված բնույթ է կրում:

ՄԱԿ-ի քննիչների համաձայն, Սիրիայի ապստամբների կողմից թույլ տված մարդու իրավունքների խախտումներն այնքան լայնածավալ չեն, որքան կառավարական ուժերի կողմից թույլ տված խախտումները, սակայն երկու կողմերն ել իրենց շարքերում ներգրավել են մանկական հասակի մարտիկներ:

Զեկույցը նաև կոչ է արել միջազգային հանրությանը դադարեցնել Սիրիա սպառազինության մատակարարումը և հաշվի առնել, թե ինչպիսի ազդեցություն կարող է թողնել մատակարարված սպառազինությունն ամբողջ տարածաշրջանի վրա:

ՄԱԿ-ի քննիչները խորհուրդ են տվել քաղաքական լուծում գտնել երկամյա ճգնաժամին՝ շեշտելով, որ այդ լուծման «որևէ երկընտրանք չկա»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Մոսկվայում երկուշաբթի օրը Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ իրավիճակը Սիրիայում «չի կարգավորվում»:

Այս հայտարարությամբ Լավրովը հանդես է եկել ընդդիմադիր «Սիրիայի ազգային դաշինքի» կազմի մեջ չմտնող ընդդիմության առաջնորդների հետ հանդիպման ժամանակ՝ կրկին շեշտելով, որ Սիրիայում շարունակվող ճգնաժամին բոլոր լուծումները «պետք է մշակվեն Սիրիայում»:

Սիրիայում գործող ակտիվիստներն այս ընթացքում հայտնել են, որ կառավարական ուժերի ռազմական օդանավերը ռմբակոծել են Հոմս քաղաքի Բաբա Ամր թաղամասը, որտեղ ապստամբները նախօրեին հակագրոհ էին մեկնարկել՝ փորձելով հետ գրավել կորսված դիրքերը:
XS
SM
MD
LG