Մատչելի հղումներ

Ասադը հաղթանակ է տարել Սիրիայում անցկացված նախագահական ընտրություններում


«Ինչ վերաբերում է անցկացված ընտրությունների, այսպես կոչված ընտրությունների, ապա դրանք ընտրություններ չեն, դրանք պարզապես մեծ զրո են», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հաղթանակ է տարել՝ հավաքելով ձայների գերակշռող մեծամասնությունը երկրում չդադարող պատերազմի պայմաններում անցկացված նախագահական ընտրություններում:

Սիրիայի խորհրդարանի խոսնակ Մոհամադ ալ-Լահամի համաձայն, հիմնականում Սիրիայի կենտրոնական և արևմտյան շրջաններում անցկացված ընտրությունների ընթացքում Ասադի թեկնածության կողմ է քվեարկել ընտրողների 88,7 տոկոսը:

«Հայտարարում եմ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնի համար դոկտոր Բաշար Հաֆեզ ալ-Ասադի հաղթանակը, որը քվեարկության ընթացքում հավաքել է ձայների մեծամասնությունը», - ասել է Սիրիայի խորհրդարանի խոսնակը՝ հանդես գալով հեռուստատեսությամբ:

Սիրիայի սահմանադրական դատարանն ավելի վաղ տեղեկացրել էր, թե երկրում երեքշաբթի օրն անցկացված նախագահական ընտրություններում մասնակցել է ընտրողների 73 տոկոսը, այդ թվում՝ փախստականներն ու արտերկրում գտնվող Սիրիայի քաղաքացիները:

Ասադի ընդդիմախոսները խիստ քննադատության են ենթարկել ընտրությունները՝ շեշտելով, որ ընտրությունների ընթացքում ներկայացված Ասադի քիչ հայտնի և պետության կողմից հավանության արժանացրած մրցակիցները որևէ վտանգ չեն ներկայացնում Սիրիայի նախագահի թեկնածությանը:

Սիրիայի նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունը դրած Հասան ալ-Նուռին հավաքել է ձայների 4,3, իսկ Մահեր Հաջառը՝ 3,2 տոկոսը:

Սիրիայի նախագահի ընդդիմախոսները պնդում են նաև, որ արժանահավատ որևէ քվեարկություն անհնար է անցկացնել երկրում շարունակվող հակամարտության ընթացքում, որի հետևանքով արդեն զոհվել է մոտ 160 հազար մարդ, միլիոնավոր մարդիկ փախստական են դարձել, իսկ երկրի հյուսիսային և արևելյան շրջանները դուրս եկել Ասադի վերահսկողությունից:

«Այս ընտրություններն անօրինական են և խաթարում են զարհուրելի այս հակամարտությանը քաղաքական լուծում գտնելուն ուղղված ջանքերը», - ասված է Եվրամիության հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգների իշխանությունների համաձայն, Սիրիայում անցկացված ընտրությունները որևէ բան չեն փոխել:

«Ինչ վերաբերում է անցկացված ընտրությունների, այսպես կոչված ընտրությունների, ապա դրանք ընտրություններ չեն, դրանք պարզապես մեծ զրո են», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին՝ Սիրիայի հետ հարևան Լիբանան կատարված այցի ընթացքում:
XS
SM
MD
LG