Մատչելի հղումներ

Շվեյցարական դեղագործական ընկերությունը պարտություն է կրել Հնդկաստանի դատարանում


Դատարանի այս որոշումը նոր թափ կհաղորդի մահացու հիվանդությունների դեմ մատչելի դեղամիջոցների հասանելիության ապահովման գործին

Հնդկաստանի գերագույն դատարանը երկուշաբթի օրը մերժել է Շվեյցարական դեղագործական ընկերության կողմից քաղցկեղի դեմ պայքարող դեղամիջոցի համար արտոնագիր ստանալու ներկայացված դիմումը:

Դատական պրակտիկայի համար կարևորագույն նշանակություն ունեցող այս որոշումը, ըստ բազմաթիվ կարծիքների, նոր թափ կհաղորդի մահացու հիվանդությունների դեմ մատչելի դեղամիջոցների հասանելիության ապահովման գործին՝ միաժամանակ ուժգին հարված հասցնելով Արևմտյան դեղագործական ընկերություններին, որոնք պայքարում են դեղամիջոցների «պատճենների»՝ գեներիկ դեղերի արտադրության համաշխարհային կենտրոն Հնդկաստանում իրենց ունեցած արտոնագրերի կիրառումն ավելի խիստ դարձնելու համար:

«Novartis» ընկերության և Հնդկաստանի իշխանությունների միջև յոթ տարի տևած դատական պայքարն ավարտի է հասցվել երկուշաբթի օրը, երբ երկրի Գերագույն դատարանը որոշում է ընդունել, որի համաձայն ընկերության քաղցկեղի դեմ պայքարող «Glivec» դեղը չի բավարարում Հնդկաստանի իշխանությունների կողմից ներկայացվող «նորարարության կամ գյուտարարության» չափանիշների պահանջներին:

«Novartis»-ը փորձում էր ստանալ արտոնագիր «Glivec» դեղամիջոցի նորացված տարբերակի համար՝ ներկայացնելով այն որպես դեղի ավելի վաղ տարբերակի արմատապես փոփոխված տեսակ: Հնդկաստանի պետական մարմիններն այնուամենայնիվ պնդում էին, որ «Glivec»-ը նոր դեղ չէ, այլ արդեն իսկ հայտնի դեղի փոփոխված տարբերակ է:

Դատական այս գործը շատերի կողմից համարվում է Հնդկաստանում դեղերի արտոնագրերի կիրառման խստացում պահանջող Արևմտյան դեղագործական ընկերությունների և Հնդկաստանում արտադրվող՝ մեծ տարածում գտած գեներիկ դեղամիջոցների հասանելիության ապահովման համար պայքարող ակտիվիստների միջև վճռորոշ պայքար:

Առողջապահության ոլորտի ակտիվիստները մեծ ոգևորությամբ են ընդունել դատարանի որոշումը: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համաձայն, այն նպաստում է առողջապահության բարելավմանը և երաշխավորելու է, որ ամբողջ աշխարհում ՁԻԱՀ-ից, տուբերկուլյոզից կամ քաղցկեղից տառապող՝ հասանելի դեղամիջոցներ ստանալու հնարավորություն չունեցող միլիոնավոր մարդիկ ստանան իրենց անհրաժեշտ դեղամիջոցները:
XS
SM
MD
LG