Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը չի ուսումնասիրի Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի ընթացքում կյանքի ապահովագրության պահանջների գործը


Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն այն չի ուսումնասիրելու Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի ընթացքում կյանքի ապահովագրության պահանջների նկատմամբ ժամկետը երկարաձգող Կալիֆորնիա նահանգի օրենքը չեղյալ հայտարարելու մասին ԱՄՆ-ի դաշնային իններորդ շրջանի 2012 թվականի որոշումը:

Այս մասին հաղորդել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, որի կողմից տարածված հայտարարության մեջ ասված է, որ գործը չուսումնասիրելու վերաբերյալ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշումը թույլ է տալիս ուժի մեջ թողնել ավելի ցածր ատյանի դատարանի որոշումը, որը, ըստ էության, խոչընդոտում է Միացյալ Նահանգների քաղաքացիներին պահանջել փոխհատուցում ապահովագրական չվճարված հայցերի դիմաց՝ օգտագործելով հազվադեպ վկայակոչվող արտաքին հարաբերությունների նախապատվության սկզբունքը:

Հայցվորների փաստաբանները և ամերիկահայ կազմակերպությունները հիասթափեցնող են որակել ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշումը, սակայն խոստացել են շարունակել պայքարը՝ Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգորդների նկատմամբ արդար որոշում ապահովելու ուղղությամբ:

«Այսօր Թուրքիայի Հանրապետությունը թույլատրվել է խախտել և հարված հասցնել արժանահավատ օրենքներ ընդունելու և բարի նպատակներով գործելու մեր պետության կարևորագույն հիմքերին», - ասել է Հայ փաստաբանների միության նախագահ Կարո Ղազարյանը:

«ԱՄՆ-ի դաշնային իններորդ շրջանի որոշումը Գերագույն դատարանի կողմից վերանայելու հրաժարականը չի նշանակում, որ ամերիկահայերն այլևս փոխհատուցում ստանալու հնարավորություն չունեն, և մենք հետ չենք կանգնելու պահանջելուց այն, ինչ նույնիսկ ԱՄՆ-ի արդարադատության նախարարի տեղակալն ու ցածր ատյանների դատարանները չփոխհատուցված հայցեր են անվանել», - նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կառավարության հետ կապերի տնօրեն Քեյթ Նահապետյանը, որն արդեն մի քանի տարի աշխատում է այս գործին լուծում գտնելու ուղղությամբ:
XS
SM
MD
LG