Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում պատրաստվում են "Սուպեր երեքշաբթի" օրվան


Դեմոկրատներ Քլինթոնն ու Սանդերսը դեմ առ դեմ հանդիպելու են շաբաթ օրը Հարավային Քարոլինայում կայանալիք նախնական ընտրությունների ժամանակ: Մինչդեռ բոլոր մրցակիցները մարտի մեկին մասնակցելու են 12 նահանգներում կայանալիք մրցապայքարին, որը ստացել է "Սուպեր երեքշաբթի" անվանումը։

Դեմոկրատ Հիլարի Քլինթոնի համար առանձնակի կարևոր են աֆրո-ամերիկացիների ձայները, որոնք Հարավային Քարոլինա նահանգում բնակչության մեծ տոկոսն են կազմում. «Հավատացած եմ, որ եթե միասնաբար աշխատենք համայնքներում կերաշխավորենք յուրաքանչյուր ամերիկացու արդարադատության իրավունքը և պատիվը, ինչից մենք բոլորս կշահենք», - ասել է Քլինթոնը:

Նրա մրցակից Բերնի Սենդերսը նույնպես փորձում է շահել սևամորթների ձայները՝ հայտնի դերասան Դենի Գլովերի միջոցով: Սենդերսը ավելի կենտրոնացած է գալիք այսպես կոչված «Սուպեր երեքշաբթի» օրվա մրցակցության վրա, հատկապես՝ Միսուրիում և Օկլահոմայում:

«Մենք մեծ տեղ ենք զբաղեցրել քաղաքական, լրատվական դաշտում և մեր հաղթանակի պահը օրավուր աճում է», - ասել է Բերնի Սենդերսը։

Բոլոր կուսակցությունների մրցակիցները կենտրոնացած են «Սուպեր երեքշաբթի» օրվա վրա, երբ հարյուրավոր ընտրիչների ձայները նժարին են դրված լինելու:

Հանրապետական ընտրապայքարի առաջատար Դոնալդ Թրամփը, ըստ հարցումների, գլխավորելու է ընտրապայքարը նաև «Սուպեր երեքշաբթի» օրը՝ նախնական ընտրությունների մեջ ընդգրկված 12 նահանգներից շատերում:

«Մենք շահեցինք ավետարանականների ձայները, երիտասարդների, տարեցների, բարձր կրթություն ստացած ու քիչ կրթված մարդկանց ձայները և ես սիրում եմ նրանց», - ասել է Թրամփը:

Սենատոր Մարկո Ռուբիոն Թրամփի հիմնական ախոյանն է: Սակայն Ռուբիոն դեռ շարունակում է մրցել Թեքսասից ընտրված սենատոր Թեդ Քրուզի հետ, ով երրորդն էր Նևադայում:

«Սուպեր երեքշաբթի» օրը մրցարշավին մասնակցելու է նաև Օհայոյի նահանգապետ Ջոն Քասիչը և թոշակի անցած նեյրովիրաբույժ Բեն Քարսոնը։ Երկուս էլ նշանակալիորեն հետ են մնում Թրամփից:

XS
SM
MD
LG