Մատչելի հղումներ

Սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Ռուսաստանում


Սումգայիթյան ջարդերին զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված ծաղկեպսակների զետեղման արարողություն, Մոսկվա, 28 փետրվարի 2013թ.
Սումգայիթյան ջարդերին զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված ծաղկեպսակների զետեղման արարողություն, Մոսկվա, 28 փետրվարի 2013թ.

«Ջարդերի, վայրագությունների և մարդու կյանքի անվտանգությանը սպառնացող քրեահանցավոր գործելակերպի չդատապարտումը հանգեցնում է դրանց խրախուսմանը». Ռուսաստանում Հայաստանի դեսպան

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում տեղադրված խաչքարի մոտ փետրվարի 28-ին անցկացվել է 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը սումգայիթյան ջարդերին զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը:

«Համոզված եմ, որ ջարդերի, վայրագությունների և մարդու կյանքի անվտանգությանը սպառնացող քրեահանցավոր գործելակերպի չդատապարտումը հանգեցնում է դրանց խրախուսմանը: Հիրավի, եթե սումգայիթյան ջարդերին ժամանակին տրվեր համապատասխան գնահատական, ապա հայ բնակչության հանդեպ հետագայում վայրագություններ տեղի չէին ունենա Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում և այլ քաղաքներում», - նշել է դեսպանը

Սումգայիթյան ջարդերին զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված միջոցառումներ անցկացվել են նաև աշխարհի բազմաթիվ երկրներում: Այսպես, փետրվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովում Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի և Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ կայացավ կոնֆերանս, որին ներկա էին մի շարք ֆրանսիացի սենատորներ և պատգամավորներ, ֆրանսահայ համայնքային կառույցների ղեկավարներ, լրագրողական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

Հիշատակի արարողություններ են անցկացվել նաև Շվեյցարիայում, Բուլղարիայում, ԱՄԷ-ում, Ավստրիայում:
XS
SM
MD
LG