Սուդանն ու Հարավային Սուդանը վերսկսելու են խաղաղության բանակցությունները, որոնք դադարեցվել են անցյալ ամիս՝ երկու պետությունների միջև սահմանամերձ շրջաններում ծավալված հակամարտության պատճառով:
Եթովպիայի մայրաքաղաքում Աֆրիկյան Միության հովանավորության ներքո անցկացվող բանակցությունները հնարավոր է դարձել վերսկսել այն բանից հետո, երբ Սուդանը խոստացել է դուրս բերել զինված իր ստորաբաժանումները նավթով հարուստ Ամբիեի շրջանից:
Այս հայտարարությամբ Սուդանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել երկուշաբթի օրը՝ նշելով, որ զորքերի դուրսբերումը բանակցությունների վերասկմանն ուղղված քայլ է:
Հարավային Սուդանը վիճահարույց շրջանից իր զորքերը դուրս է բերել այս ամսվա սկզբին: Այս երկրի գլխավոր բանագնացը երեքշաբթի օրը «մեծ հույսեր» է հայտնել բանակցությունների վերսկսման կապակցությամբ:
Սուդանի և Հարավային Սուդանի միջև դեռևս չլուծված են մնում մի շարք կարևոր հարցեր, որոնք առաջացել են Հարավային Սուդանի կողմից անցյալ տարի անկախության ձեռքբերման հետևանքով: Այս հարցերից են սահմանի գծանշումը, նավթի վաճառքից ստացված եկամուտների բաշխումն ու երկու պետությունների քաղաքացիների կարգավիճակը: