Երիտասարդների համար քոլեջը հաճախ սովորույթների, գաղափարների և հավատքի փոխանակման հնարավորություն է: Շատ դեպքերում ուսանողները իրենց հավատքն արտահայտելու նոր ուղիներ են գտնում:
Քոլեջի ամերիկացի ուսանողները սովորելիս նոր գաղափարների են հանդիպում, որոնք կարող են մարտահրավեր դառնալ իրենց կրոնական համոզմունքներին, սակայն համալսարանի հոգևորական գործիչների խոսքով՝ շատերը հավատարիմ են մնում իրենց կրոնին:
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հնդիկ ուսանողների կազմակերպությունից Չանդնի Ռաջայի խոսքերով՝ շատերը իրենց հավատքը և մշակույթը կիսում են ավանդական փառատոնի միջոցով:
«Համալսարանում հանդիպում ենք այլ խմբերի հետ և փորձում երկխոսություն կազմակերպել՝ միաժամանակ պահպանելով մեր համայնքը, որպես մի վայր, ուր մարդիկ կարող են հավաքվել», - ասում է Ռաջան:
Մայրաքաղաք Վաշինգտոնի Կաթոլիկ համալսարանում գնալով աճում է ոչ կաթոլիկ ուսանողների, այդ թվում՝ մահմեդականների թիվը:
Սթենֆորդի համալսարանի կրոնական կյանքի դեկան Սքոթ Մըքլինընի համար նոր ալիքն ակնհայտ է դառնում:
«Ամենից ոգևորողն այն է, որ տարբեր ավանդույթների ուսանողներ սովորում են միմյանց լսել և ավելի հետաքրքրված են դառնում նման զգայուն երկխոսությունների, միմյանց ներկայության և պատմությունների նկատմամբ», - ասում է Մըքլինընը:
Չնայած որոշ ուսանողներ պահպանում են իրենց ավանդույթները, իսկ մյուսները փոքր-ինչ հեռանում դրանցից, շատերը դեռ ցանկանում են իրենց հավատքը և ավանդական մշակույթը կիսել այլոց հետ: Յեյլի համալսարանից մահմեդական կյանքի համակարգող Օմար Բաջվան խորհրդատվություն է տրամադրում մահմեդական ուսանողներին և ասում, որ շատ են հարցերը հավատքի դերի վերաբերյալ:
«Կրոնականության, բայց և աշխարհիկության աճի այս օրերին մենք գտնվում ենք եզրագծում՝ որոնք են լարվածության և երկխոսության ոլորտները: Կարծում եմ, մեզ մոտ ընդհանուր հարցեր են ծագում», - ասում է Բաջվանը:
Սթենֆորդի համալսարանի կրոնական կյանքի ավագ դեկան րաբբի Պաթրիսիա Կարլին-Նյումընի խոսքերով՝ լսարանում տարբեր ծագումների ուսանողների քննարկումները կարող են հարցեր առաջացնել ուսանողի հավատքի վերաբերյալ:
«Կարծում եմ՝ արդյոք այդ հարցումը կխորացնի, թե կթուլացնի հավատքը: Իմ փորձը ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր իրենց հավատքը քննարկում են տարբեր մարդկանց հետ երկխոսությունների արդյունքում, ավելի հակված են գնահատելու իրենց ունեցածը», - ասում է Կարլին-Նյումընը:
Միջկրոնական ծառայությունների վերաբերյալ ծրագրերը և համայնքային երկխոսությունները ուսանողների են համախմբում երկրի տարբեր մասերից, ասում է Նորթվեսթըրն համալսարանից Թահերա Ահմադը:
«Համալսարաններում մենք ականատես ենք տարբեր հավատքների երիտասարդ ուսանողների համախմբման, ովքեր, ներկայացնելով իրենց հավատքը, ասում են՝ ես մահմեդական եմ, ես քրիստոնեա եմ, ես հրեա եմ։ Մենք բոլորս փորձում ենք աշխարհն ավելի լավը դարձնել», - ասում է Ահմադը:
Քոլեջի այս քահանաների խոսքերով՝ ուսանողները, հանդիպելով և սովորելով այլ հավատքի ուսանողներից, հասունանում են իրենց հավատքի մեջ: